Հասարակական

ՀՀ վարչապետն ակնկալում է, որ սփյուռքահայերը կարձագանքեն իր կոչին և կձևակերպեն առաջարկներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ակնկալում է, որ սփյուռքահայերը  կարձագանքեն իր կոչին և կձևակերպեն առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ցանկանում է օգտագործել սփյուռքում առկա մեծ ներուժը բոլոր ոլորտներում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին:

«Մենք բազմիցս ասել ենք և ներկայացրել ենք մեր գործունեության առաջին փուլի ծրագիրը, 2017թ. հայտարարել ենք որպես ախտորոշման, կառավարման համակարգում որոշակի համակարգային փոփոխության տարի: Եվ ախտորոշման ժամանակ այլ հարթակներում ֆիքսել ենք, որ մեր հիմնական կապիտալը մարդն է, իսկ այդտեղ շատ մեծ դեր ունի սփյուռքը: Պարզ ճշմարտություն է, որ մենք նույն տեմպերով շարունակելու դեպքում լավ արդյունքներով չենք հասնի: Մենք սփյուռքում ունենք ֆանտաստիկ մեծ պոտենցիալ բոլոր ոլորտներում, և կոչ ենք արել նրանց, որպեսզի այդ ներուժն օգտագործենք ու հստակ ներկայացրել ենք, թե ինչպես կարող ենք այն օգտագործել: Մենք ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները իրենք կձևավորեն առաջարկներ, թե ինչպես են տեսնում իրենց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց վարչապետը՝ անդրադառնալով վերջերս սփյուռքահայությանն ուղղված իր կոչին:

Վարչապետը հավելեց, որ ՀՀ-ն ունի ՏՏ ոլորտի զարգացման մեծ հնարավորություններ, բայց չունի որակյալ մասնագետների համապատասխան քանակ: Կրթական համակարգը չի կարողանում արագ արձագանքել այն պահանջներին, որ տալիս է շուկան: Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգը շուկայի առաջարկած պահանջի ընդամենը 25 տոկոսն է կարողանում բավարարել, ինչը շատ քիչ է: «Մենք ենթադրում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցներն այս կոչին կարձագանքեն, և այդ դեպքում մենք համակարգված գնալու ենք առաջ»,- եզրափակեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում