Քաղաքականություն

Շարմազանովը Թալիշը վերաբնակեցնելու գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում

5 րոպեի ընթերցում

Շարմազանովը Թալիշը վերաբնակեցնելու գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի իշխանությունների ու հասարակությունների կարծիքը արցախյան խնդրի լուծման բանալիների շուրջ նույնն է. Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով ու չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նոր է վերադարձել Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցից: «Սա և՛ զինվորի, և՛ նախագահի, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքն է: Սակայն այնտեղ ապրիլյան պատերազմից հետո որոշակի բարեկարգման աշխատանքներ և շտկումներ իրականացնելու կարիք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ առաջինը զինվորական խնդիրներն են: ԱԺ փոխնախագահը նշեց, որ եղել է առաջնագծում և կարող է վստահեցնել, որ յուրաքանչյուր այցելությունից հետո փաստում է, որ այսօր մեր առաջնագիծն ապահովված է տեխնիկական, ռազմատեխնիկական ողջ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնագծում խաղաղություն ապահովելու համար: Մեր զինվորների մարտական պատրաստվածությունը և մարտական ոգին շատ բարձր մակարդակի վրա են: Նույնը կարող եմ ասել հարգարժան սպաների մասին»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ Արցախի իշխանությունների և ընդհանրապես հայության համար կարևոր խնդիր է Թալիշ գյուղի վերաբնակեցումը: «Մենք այս հարցը քննարկել ենք թալիշցիների, նախագահ Բակո Սահակյանի, հարգարժան Վիտալի Բալասանյանի հետ: Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել և եկել ենք եզրակացության, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել Թալիշի վերականգման և վերաբնակեցման ուղղությամբ: Մենք պետք է ֆոնդ բացենք, որպեսզի Թալիշի դպրոցն ու մանկապարտեզը կարճ ժամանակում վերականգնենք ու լուրջ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր թալիշցի քույրերն ու եղբայրները վերադառնան իրենց հայրենի գյուղ: Հակառակ դեպքում թե Ղարաբաղի, թե Հայաստանի սահմանամերձ շրջանները Ադրբեջանի կրակի տակ են: Եթե մենք մտածենք, որ թեկուզ տեսականորեն կարող են կրակել, մենք մեր տարածքի 1/3-ը կարող ենք չբնակեցնել: Նման բան չի կարող լինել: Մեր առաջնային նպատակն անվտանգության ապահովումն է, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները վերադառնան և ապրեն իրենց հայրենի գյուղում»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինի պատերազմի, եթե ցանկանում է ապրել անկախ ու անվտանգ հայրենիքում: Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ սա չի նշանակում, թե վաղը պատերազմ է լինելու, բայց Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա է` դիվերսիոն գործողությունների, տարբեր ավանտյուրաների եղանակով այնպես անել, որ Ղարաբաղի, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունն աստիճանաբար պակասի: «Նրանց նպատակը չի իրականանալու, մենք ավելի ենք շատանալու: Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ տպավորություն է, որ Երևանում մարդիկ մի տեսակ հանգիստ են: Բայց այն դրական աժիոտաժը, որը եղավ ապրիլին, մեզ դրա երկրորդ ալիքն է պետք, որպեսզի Հայաստանը, Արցախը, սփյուռքը միավորվեն: Սա արցախյան հարց չի, սա հայության հարց է: Հայկական հարցի մի դրսևորում էլ արցախյան խնդիրն է: Որովհետև Ադրբեջանի նպատակն է հնարավորինս թույլ չտալ, որպեսզի արցախահայությունը հնարավորություն չունենա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Չի լինելու դա: Արցախահայությունն այնտեղ ապրել է, ապրում է ու պետք է ապրի: Մենք էլ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հայի հայացք այսօր պետք է ուղղված լինի Արցախին: Պետք չէ, որ անպայման կրակ լինի, նոր ընդդիմությունն ու իշխանությունը միավորվեն: Մենք պետք է միավորվենք և գործուն քայլեր կատարենք: Մեր քույրերն ու եղբայրները պետք է գիտակցեն, որ միայն պատերազմի ժամանակ չէ, որ մենք կարող ենք համախմբվել: Պետք չէ հանգստանալ, պետք է ամեն օր ու ամեն վայրկյան քայլեր կատարել Արցախի ու Հայաստանի հզորացման համար»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետություն կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր քաղաքական ուժերի, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների , Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: ՀՀ ԱԺ պատվիրակությունը եղել է նաև Թալիշում, այցելել առաջնագիծ ու հանդիպումներ ունեցել արցախցիների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում