Հասարակական

Հունաստանի համալսարանում հայագիտական կենտրոն կբացվի

2 րոպեի ընթերցում

Հունաստանի համալսարանում հայագիտական կենտրոն կբացվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա-Նենսի Էվա Վրայլային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Հունաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում` կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Էվա Վրայլան կարևորել է մեր երկու բարեկամ պետությունների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիրը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մարտին Հունաստանում: Համաձայն ծրագրի, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, նախատեսվում է ակտիվացնել բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև հետագա համագործակցությունը, իրականացնել կրթաթոշակների փոխանակում: Հայաստանում հունարեն լեզվի և մշակույթի, իսկ Հունաստանում հայոց լեզվի և մշակույթի տարածման ու զարգացման նպատակով նախատեսվում է համալսարաններում հիմնադրել համապատասխանաբար` հունագիտական և հայագիտական կենտրոններ:

Կողմերի հավաստմամբ` ծրագրի իրականացումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Միաժամանակ, պատրաստակամություն է արտահայտվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ Ազգային Ժողովի կողմից նշված փաստաթղթի վավերացումը, հնարավոր սեղմ ժամկետումներում, ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում