Հասարակական

Դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատներն այն կբողոքարկեն ընդհուպ մինչև ՄԻԵԴ

3 րոպեի ընթերցում

Դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատներն այն կբողոքարկեն ընդհուպ մինչև ՄԻԵԴ

ԳՅՈՒՄՐԻ« 31 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատները կբողոքարկեն այն ներպետական ատյաններում, իսկ այնուհետև նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նույնիսկ հոգեբանական դժվարություններին, հարազատները համաձայն են նույնիսկ արտաշիրիմում կատարել՝ գործը լիարժեք բացահայտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 31-ին հենց Ավետիսյանների տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեցին Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը ու նրանց ամուսինները` Եգոր Ադամյանն ու Արթուր Կոշտոյանը:

Բողոքելով նախաքննությունից և դատական ողջ գործընթացից` աղջիկները համոզմունք հայտնեցին, որ գործով ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովը մենակ չի գործել:

Նրանք զարմանալի են համարում այն փաստը, որ իրավապահ մարմիններին չհաջողվեց այդպես էլ Հայաստան բերել Պերմյակովի անմիջական հրամանատարին, ով Չիտայից վերջինիս բերել էր Գյումրի, իսկ 102-րդ ռազմաբազայում եղել է նրա անմիջական հրամանատարը:

«Ի սկզբանե ամեն ինչ պարզ է` դատարանը, ողջ գործընթացի ընթացքում մեր ու մեր փաստաբանների կողմից ներկայացրած ոչ մի միջնորդություն չբավարարեց: Դատավճիռը ներկայացվեց առանց մեր ներկայության»,-նշեց Եգոր Ադամյանը:

«Մեր բոլոր հարցերը մնացել են անպատասխան, բայց թեկուզ տարիներ հետո բացահայտվի այս հարցը՝ մենք չենք լռելու»,- նշեց Լուսինե Ավետիսյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք տեղեկություն չունեն թե որտեղ է Պերմյակովը:

Խոսելով ՌԴ-ում ներկայացված քաղհայցի մասին` Լուսինե Ավետիսյանը նշեց, որ իրենց գումարը չի հետաքրքրում, այլ պատիժը: «Առաջին իսկ պահից մեզ օգնություն են առաջարկել, մենք հրաժարվել ենք, որովհետև մենք մեր արյունը չենք վաճառում: Մենք դա արել ենք, որպեսզի պետությունը, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն սրանից հետո իմանա` ում է ուղարկում Հայաստան: Մեզ ընդհանրապես այս քաղհայցը չի հետաքրքրում մենք դա արել ենք, որպեսզի նրանք պատժվեն»,- նշեց Լուսինե Ավետիսյանը:

Վերջում խոսելով Ավետիսյանների տան մասին՝ հարազատները նշեցին, որ կցանկանան, որ դա սրբատեղի կամ մատուռ դառնա՝ ի հիշատակ իրենց զոհված հարազատների:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում