Ռուս-թուրքական հակասությունների թնջուկը խորանում է. Անկարան հրաժարվում է Պուտինին հղված ուղերձի բովանդակությունից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հունիսի 27-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Էրդողանի նամակից հետո, թվում էր, թե պետք է մեղմանա` աստիճանաբար հանգեցնելով հարաբերությունների կարգավորման: Սակայն թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու ուղերձի բովանդակության վերաբերյալ նոր բացահայտումները իրադարձությունների զարգացումը տանում են միանգամայն այլ ուղղությամբ: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նշանները սկսեցին մեկը մյուսի հետևից վերանալ, երբ պաշտոնական Անկարան մեկը մյուսի հետևիցն հրաժարվեց իր իսկ արած հայտարարություններից:

Հունիսի 27-ին պաշտոնական Կրեմլը հրապարակեց Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում վերջինս իր խորը ափսոսանքն էր հայտնում ռուսական ինքնաթիռի խոցման առնչությամբ: Ուղերձում նշվում էր, թե Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- նշել էր Էրդողանը: Նա հատուկ ուշադրություն էր գրավել այն փաստի վրա, թե ինչպես են իրենք «ռիսկի դիմելով» սիրիացի ընդդիմադիրների մոտից վերցրել զոհված ռուս օդաչուի դին: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել էր Էրդողանը:

Ուշագրավ է, որ Էրդողանի ուղերձ Պուտինին հրապարակվեց միայն Կրեմլի կայքում, իսկ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում որևէ հրապարակում այդ մասին չեղավ: Նույն օրը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ռուս-թուրքական հարաբերությունների և նամակի մասին խոսեց վարչապետ Թուրքիայի նախագահ Բինալի Յըլդըրըմը: «Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»,- ասել էր Յըլդըրըմը: Նա հայտնել էր նաև, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց կլինի:

Վարչապետի հայտարարությունից հետո` հունիսի 28-ին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ հունիսի 29-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիայի նախագահի կողմից ներողություն խնդրելը կարևոր քայլ է:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց մեջլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմն անակնկալ կերպով հերքեց հեռուստատեսությունում արտաբերած իր իսկ խոսքերը և հայտարարեց, որ Ռուսաստանին փոխհատուցում չի լինելու: «Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին խոսք գնալ չի կարող, մենք միայն մեր վիշտն ենք հայտնել»,- հայտարարեց նա:

Այս հայտարարությանը հետևեց ևս մեկ տարօրինակ «բացահայտում» թուրքական «Անադոլու» գործակալության կողմից. լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականում իր աղբյուրների վրա, հայտնեց, որ Պուտինին ուղղված նամակում «ներողություն» բառ բացարձակապես չի եղել:

Դեպքերի նման զարգացումը խոսում է այն մասին, որ առաջիկայում ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժի սպասելը դեռ վաղ է: Թուրքիան անմիջապես հետ քաշեց հարաբերությունների կարգավորման նպատակով Ռուսաստանին մեկնած իր ձեռքը: Ավելին, պաշտոնական Անկարայից, փաստորեն, հայտարարեցին, որ Կրեմլի հրապարակած ուղերձը սուտ է` հրաժարվելով ուղերձում ռուսական կողմի համար անչափ կարևորվող «ներողություն» բառի առկայությունից: Անակնկալ չի լինի, եթե այսքանից հետո Ռուսաստանի նախագահը պարզապես հրաժարվի հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ: Այսպիսով, ռուս-թուրքական հակասություններում թնջուկն ավելի խորանում է, իսկ հետագա զարգացումները խոստանում են լինել ավելի շրջադարձային ու անկանխատեսելի:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ