Արթիկում հեղեղումների պատճառով տուն է փլուզվել, մանկապարտեզ տարհանվել
2 րոպեի ընթերցում
![Արթիկում հեղեղումների պատճառով տուն է փլուզվել, մանկապարտեզ տարհանվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/852144.jpg)
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առատ տեղումների և Արագածում կուտակված ձյան հալոցքի պատճառով արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում: Մեծ ծավալի ջուրը հոսելով հասել է Բաղրամյան փողոց և փակել ջրատար համակարգը: Սելավատարի փակ լինելու պատճառով ջուրը լցվել է Բաղրամյան և Պռոշյան փողոցների վրա գտնվող տներն ու անասնագոմերը: Տներից մեկը թեթև փլուզվել է:
Ոտքի է հանվել Արտակարգ իրավիճակների նախարարության Արթիկի ծառայության ողջ տեխնիկան, օգնության են հասել Անիի, Ախուրյանի, Գյումրիի փրկարարական ջոկատները, Շիրակի մարզի փրկարարական վարչության ջոկատը: Տարածքի բնակիչները, մանկապարտեզների երեխաները տարհանվել են: Փորձ է արվում անասնագոմերից դուրս բերել նաև անասուններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի փրկարարական վարչության փրկարար ծառայության պետ Արթուր Կարապետյանը, այս պահին վիճակը վերահսկելի է: Նա հերքեց որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացված ջրամբարի քանդման մասին տեղեկությունը` նշելով, որ խոսքը սելավատարի խցանման մասին է:
Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական հաղորդագրության` հունիսի 24-ին` ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն: Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ: