Երկու ցեղասպանություն, երկու ժողովուրդ, մեկ վիշտ. բանգլադեշցի պատմաբանի անդրադարձը հայերի պատմությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետ, ճարտարագիտության պատմաբան Ադնան Մորշեդը (Վաշինգտոն) անդրադարձել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հայկական համայնքի կյանքին` զուգահեռներ տանելով երկու ժողովուրդների միջեւ նաեւ ցեղասպանության համատեքստում:

«Թվում է` Թուրքիան որդեգրել է ցեղասպանության ժխտման ծաղրանկարային պատմությունը: Հունիսի 2-ին Գերմանիայի կողմից Օսմանյան Թուրքիայի` 1915 թվականի իրականացրած հայերի սպանդի ճանաչումից հետո Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր: Անկարան Բեռլինից հետ կանչեց դեսպանին: Շատ ծանոթ երեւույթ է, քանի որ Բանգլադեշի դեսպանը նույնպես հետ կանչվեց անմիջապես «ռազմական հանցագործի» մահապատժից հետո, ինչը բացահայտում է Էրդողանի ծիծաղելիորեն անփույթ վերաբերմունքը Բանգլադեշում 1971 թվականին տեղի ունեցած ցեղասպանության նկատմամբ: Հատկանշական է հայերի եւ բանգլադեշցիների ընդհանրական պատմությունը, եւ թե ինչպես է այդ պատմությունը տարբեր ուղիներով կերտել երկու ժողովուրդների ազգային դիմագիծը: Դաքայում հայկական հարուստ պատմություն կա. Հին Դաքայում գտնվող Սուրբ Հարության եկեղեցին ճարտարապետական ապացույցն է, թե ինչպես է հայ ժողովուրդը սփռվել իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս»,- ներկայացնում է պատմաբանը` հաջորդիվ շեշտելով Հայաստանի աշխարհագրական կարեւոր դիրքը:

«Երկիրը միշտ եղել է մրցող քաղաքական ուժերի՝ պարսիկների, հույների, արաբների ենթակայության տակ: Հայերը նաեւ մեծ դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության ոլորտում: Չկա որեւէ հստակ ժամանակագրություն, թե նրանք երբ են ժամանել Դաքա: Որոշ պատմագիրների խոսքով` դա 17-րդ դարի սկիզբն է: Դաքայի կյանքում հայերի կարեւորագույն ներդրումներից մեկը նաեւ կառքի ներմուծումն է, որը դարձավ քաղաքի գլխավոր փոխադրամիջոցը մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը:

Հայկական փոքր, բայց հարուստ համայնքը նաեւ մեծապես նպաստել է Դաքայի քաղաքացիական կյանքին: 1848 թվականին Նիկոլաս Պողոսը հիմնեց մասնավոր դպրոց, որը մինչև այժմ Հին Դաքայի հեղինակավոր դպրոցներից մեկն է: Դաքայում հայերի կրոնական կյանքը ծավալվել է Սուրբ Հարության եկեղեցու շուրջը, որը կառուցվել է 1781 թվականին: Եկեղեցու տարածքը քաղաքին նվիրաբերել է ազնվական Աղա Խաչիկ Մինասը, ում կնոջը հուղարկավորել են եկեղեցում: Այն այսօր էլ կանգուն է, եւ կից տապանաքարերը կարծես տանում են անցյալ` դեպի այն ժամանակները, երբ հայերը առանցքային դեր են ունեցել քաղաքի կյանքում: Դժվար է չկարեկցել հայերին հատկապես նրանց եւ մեր «անտեսված» ցեղասպանությունների համատեքստում»,- եզրափակում է ճարտարապետը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին