Վաթսունից ավելի դպրոցականներ մրցանակներ են ստացել «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի ամփոփմանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հաղթող ճանաչվել և մրցանակներ են ստացել 56 աշակերտներ, ևս 6-ը ստացել են խրախուսական մրցանակներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, այս տարի մրցույթին մասնակցել են 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից:
Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը, գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ իր կողմից հիմնադրված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներն են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերությունը:
Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:
‹‹Մրցույթը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնին» ակամա նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը››,-նշել է Ռուզան Նիկոյանը:
2011-ին մրցույթը դարձավ քաղաքային, իսկ 2013-ից` հանրապետական: 2015թվականից մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջինը կայանում է դպրոցներում, իսկ երկրորդը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, որն իր գերհագեցած համակարգչային լաբորատորիաներով հնարավորություն է ընձեռում միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով:
Կազմակերպիչները նախատեսում են «Ոզնի» համակարգչային մրցույթում ընդգրկել նաև ԼՂՀ դպրոցներին ու աշակերտներին: