Հասարակական

Թալիշում Խալափյանների գնդակահարման ժամանակ գյուղի բնակիչները դեռևս չէին տարհանվել

2 րոպեի ընթերցում

Թալիշում Խալափյանների գնդակահարման ժամանակ գյուղի բնակիչները դեռևս չէին տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղից դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, ով գտնվում էր առողջական ծանր վիճակում: Խալափյանները բնիկ թալիշցիներ էին:

«Գիշերվանից հրահանգ էինք ստացել` առաջնահերթությամբ տարհանել երեխաներին և մեծահասակներին: Լուսաբացին բնակիչներին հրավիրել էինք գյուղապետարան` տարհանումը կազմակերպելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսեց ուժեղ հրետակոծություն: Խալափյանների ընտանիքն ապրում է թշնամու ուղիղ նշանառության ներքո: Այդ ուղղությամբ հարվածները շատ ավելին են: Դեպքի ժամանակ Խալափյանների որդին իր երեխաներին հասցրել էր հեռացնել տնից: Իմ կարծիքով, այն ժամանակ, երբ դիվերսիոն խումբը մտել է բնակարան, գյուղի հեռվում կրակոցները լսելի են եղել: Այդ ժամանակ գյուղը դեռևս ամբողջությամբ չէր տարհանվել և սպանության ժամանակ մենք գյուղում ենք եղել»,- ասաց Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Խալափյանների որդին բազմազավակ հայր է, ունի վեց երեխա: Նրանք ապրում էին ծնողների հետ: «Խալափյանների որդին չէր հասցրել ծնողներին ևս տարհանել, ինչ- որ տեղ նաև հրետակոծության պատճառով»,- նշեց Թալիշի համայնքապետը:

«Ներկա դրությամբ Թալիշի շրջանում կրկին լսվում են կրացոներ , սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես ապրիլի 2-ին»,- ասաց համայնքապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում