Քաղաքականություն

Ալեքսիս Ցիպրասը կարևորել է Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորումը

2 րոպեի ընթերցում

 Ալեքսիս Ցիպրասը կարևորել է Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հունաստանի կառավարության պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ քննարկման օրակարգում են եղել նաև սևծովյան տարածաշրջանում զարգացումները:

«Մենք կարևորել ենք Մինսկի համաձայնագրի հիման վրա Ուկրաինայում խաղաղության հաստատման կարևորությունը: Ընդգծել ենք նաև Կովկասում անվտանգության իրավիճակի ամրապնդման և կայունության ամրապնդման կարևորությունը: Ես նաև նշեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը»,- ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Քննարկումների ընթացքում Հունաստանի վարչապետը ՀՀ նախագահին տեղեկացրել է Կիպրոսի խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին` կարևորելով ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում խնդրին երկարաժամկետ լուծում տալու անհրաժեշտությունը: «Լուծումը պետք է ապահովի Կիպրոսի ժողովրդի համար անվտանգության զգացողություն առանց կղզու վրա օտար զորքերի տեղակայման և առանց ժամանակավրեպ երաշխիքների»,- ասել է Ցիպրասը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի և Հունաստանի համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: «Այս համատեքստում մեր աջակցությունը հայտնեցի Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես տնտեսության և քաղաքացիների շարժունակության ոլորտներում»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում