ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հանրային քննարկում՝ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Այսօր՝ փետրվարի 29-ին, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իրանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում էին նաև հայ թեկնածուներ: Արդյունքներն ամփոփելու է իրանագետ Ռուդիկ Յարալյանն՝ անդրադառնալով նաև հայ-իրանական հարաբերություններին ու հնարավոր զարգացմանը:
Բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանը, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը և ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանը խոսելու են անցումային եղանակով պայմանավորված ի հայտ եկող առողջական խնդիրների մասին:
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը, սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալու են պատմությունից քաղած դասերին, մինչ օրս չլուծված խնդիրներին:
Անցկացվելու է « Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ընթերցվելու են թեմատիկ զեկույցներ: Գիտաժողովը վարելու են ճարտարապետներ Մարկո Բրամբիլան ԱՄՆ-ից և Արմեն Մինասյանը:
Մարիտ 1-ին ընդառաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադառնալու է 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին քաղաքական դասերին ու անդառնալի հետեւանքներին:
Լեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան պատրաստվում է հանդիպել լրագրողների հետ: Նա խոսելու է իր այցելության նպատակի ու ապագա ծրագրերի մասին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: