Փաստ մեկնաբանությամբ

Պատժամիջոցների չեղարկումը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը

3 րոպեի ընթերցում

Պատժամիջոցների չեղարկումը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը մեծ ոգևորություն առաջացրեց երկրում, քանի որ ԻԻՀ տնտեսությունը շուրջ 20 տարի բավականին ծանր վիճակում էր: Պատժամիջոցների վերացումից հետո արդեն կարող է ազատ «շունչ քաշել»: «Արմենպրես» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Պատժամիջոցներից ազատումն Իրանին վերադարձրեց ֆինանսական ավուարները (օտարերկրյա բանկերի հաշիվներում գտնվող բանկի միջոցները` օտարերկրյա արտարժույթով,- խմբ.), որոնք արևմտյան բանկերում սառեցվել էին: Այս պահին 50 մլրդ դոլար ապասառեցվել է և տրվել Իրանին, որպեսզի պետությունը կարողանա զարգացնել իր տնտեսությունը»,-ասաց իրանագետը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումն Իրանին թույլ տրեց զբաղվել նավթի և գազի առևտրով, մտնել առևտրական ակտիվ գործունեության մեջ: Մյուս պետությունների հետ կարող է առևտրական պայմանագրեր կնքել: Իրանի 400 քաղաքացիների անուններ սև ցուցակներից դուրս են բերվել, և նրանք կարող են ազատ առևտուր իրականացնել:

«Մյուսը, որ Իրանին թույլ տրվեց, մարդատար ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունն էր: Վերջին տարիներին բավականին շատ ավիավթարներ էին տեղի ունենում, քանի որ Իրանի Իսլամական Հանարապետության օդային ծառայությունները չէին համալրվել նոր տեխնիկայով և բավական խոցելի վիճակ էր: Այսօր Իրանն ունի և նոր տեխնիկա ձեռք բերելու հնարավորություններ»,- ասաց Իսկանդայանը:

Իրանագետը հավելեց, որ Իրանը, միաժամանակ հետևելով Վիեննայում տեղի ունեցող բանակցություններին, իջեցրել է ուրանի հարստացումը մինչև 3,5 տոկոս:

Իրանագետը նշեց նաև, որ պատժամիջոցները հանելու նախաշեմին, նույնիսկ դեռ չէր հայտարարվել, որ հանելու են, Իրանի արժույթը, բորսաները բավական բարձրացել էին, իսկ հայտարարելու պահին Սաուդյան Արաբիայի բորսաները 6 տոկոսով ընկել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից:Պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում