Փաստ մեկնաբանությամբ

Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել. Ադբաշյան

3 րոպեի ընթերցում

Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել. Ադբաշյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը գրեթե համոզված է, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ վթարի ամենահավանական տարբերակը օդում ինքնաթիռի հատվածներից մեկում պայթյունն է, որը կարող էր նախկինում առաջացած տեխնիկական խնդիրների հետևանք լինել:

Հարցին ի պատասխան, թե կարո՞ղ էր, արդյոք, նախկինում տվյալ ինքնաթիռի պոչի հատվածի վնասվելը դառնալ հետագա պայթյունի պատճառ, Դմիտրի Ադբաշյանը նկատեց. «Կարող էր, քանի որ օդանավի կառուցվածքի մեջ այդ վնասվածքից հնարավոր է մնացել են ճաքեր, որոնք մասնագետները չեն նկատել, և այդ ճաքերը կամաց-կամաց մեծացել են` մինչև կրիտիկական կետը` ինքնաթիռի պոչի պոկվելը»:

Մասնագետը խոսքով` այն, որ ինքնաթիռի մասերը գետնի վրա տարածվել են 15-20 կիլոմետրի վրա, նշանակում է, որ ինքնաթիռը գետնին բախվելուց չի առանձնացել, այլ օդի մեջ մասերի է բաժանվել, որի հետևանքով էլ առանձին մասեր հայտնվել են տարբեր հեռավորությունների վրա:

Իսկ այն, որ օդաչուները դիսպետչերներին ազդանշան չեն հաղորդել, Դմիտրի Ադբաշյանը պայմանավորում է հանգամանքով, որ նրանք պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեն եղել: «Oդանավի մեջ միանգամից առաջանում է պայթյունավտանգ ապահերմետիկացում, ինքնաթիռում ճնշումը 760 մմ-ից ընկնում է մինչև 200 մմ, քանի որ 10 հազար մետրի վրա ճնշումն այդքան է: Դա բերում է նրան, որ մարդիկ միանգամից ուշագնաց են լինում, նրանց ականջներից արյուն է սկսում հոսել: Այդ պատճառով էլ, հավանաբար, օդաչուներն ի վիճակի չեն եղել ինֆորմացիա տալ դիսպետչերներին»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ էր պայթյունը լինել ներսում տեղադրված պայթյուցիկ սարքի պատճառով` Ադբաշյանը նշեց. «Իմ կարդացած նյութերի մեջ նշվում է, որ պայթուցիչների հետքեր ոչ մի տեղ չեն հայտնաբերվել»:

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում