Դնեպրոպետրովսկը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ընդունել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի քաղաքապետը մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, իրականության չի համապատասխանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի անդամ, հայ համայնքի ներկայացուցիչ Էդիկ Բաղդասարյանն ասաց, որ քաղաքապետը մեկ շաբաթ առաջ է ստորագրել որոշումը, այն տեղադրված է քաղաքապետարանի կայքում:
Բաղդասարյանն անգամ որոշման օրինակը պատճենել է, որպեսզի ուղարկի լրատվամիջոցներին` հերքելու ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհուրդը քննարկման է դրել այս տարվա սեպտեմբերին: Այդ ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրեցին: Անգամ Ուկրաինայում Թուրքիայի հյուպատոսն էր եկել քաղաքապետարան եւ պահանջում էր, որ օրինագիծը չընդունվի: Նրանք այս մեկ ամսվա ընթացքում անընդհատ խմբերով գալիս են քաղաքապետարան եւ ամեն ջանք գործադրում, որպեսզի օրինագիծը չընդունվի: Սակայն հոկտեմբերի 24-ին Դնեպրոպետովսկի քաղաքապետը ստորագրել է քաղաքային խորհրդի ներկայացրած օրինագիծն եւ այն մտել է ուժի մեջ»,- ասաց Բաղդասարյանը:
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքը ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, որպես ցեղասպանություն: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել առ այն, որ քաղաքապետը մերժել է քաղաքային խորհրդի ներկայացրած օրինագիծն ու մերժել այն ստորագրել: