Հասարակական

«Մոբիլիթի Ինթերնեյշնլ»-ը կօժանդակի հաշմանդամների իրավունքների իրացմանը

3 րոպեի ընթերցում

«Մոբիլիթի Ինթերնեյշնլ»-ը կօժանդակի հաշմանդամների իրավունքների իրացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Մոբիլիթի Ինթերնեյշնլ» ԱՄՆ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են «Իրավունքներ հիմա» ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից, ծրագիրը, որ «Մոբիլիթի Ինթերնեյշնլ» ԱՄՆ կազմակերպությունն ու հայաստանյան «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ն իրականացնում են համատեղ, ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը:

Ներկայացնելով ծրագիրը, ԱՄՆ փորձագետ Փեդ Ռայսը նշել է, որ Հայաստան այցի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն ուղղված օրենսդրական դաշտի՝ միջազգային նորմերին համապատասխանության ուսումնասիրությունն է:

Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ողջունելով հյուրերին, նշել է, որ տվյալ ոլորտում անելիքներ շատ կան, սակայն ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտը` մասնավորապես «Քաղաքաշինության մասին» օրենքը և իրավական ակտերը հարմարեցված են միջազգային նորմերին, իսկ 2006 թվականից հաստատվել և գործում է «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման» կարգը հաստատելու մասին որոշումը, որով կարգավորվում է հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովումը:

Հանդիպման ընթացքում քաղաքաշինության նախարարության մասնագետները՝ շինարարության քաղաքականության վարչության պետ Ա. Նազարեթյանը և ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ Ա. Պատրիկյանը, ներկայացրել են նշված օրենսդրության կիրարկման մեթոդները:

Հանդիպման ավարտին տիկին Ռայսը նշել է, որ 2016 թվականին Հայաստան կժամանեն փորձագետներ, տեղի մասնագետների հետ դասընթացներ կազմակերպելու, փորձի փոխանակման և հետագա համագործակցության ծրագիր մշակելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում