Փաստ մեկնաբանությամբ

«Շանթ 2015» զորավարժություններն անցկացվեցին բարձր մակարդակով. ԱԺ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

«Շանթ 2015» զորավարժություններն անցկացվեցին բարձր մակարդակով. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Հայաստանի համար կարևոր իրադարձություն է համարում «Շանթ 2015» զորավարժությունների անցկացումը: Սեպտեմբերի 8-ին լրագրողների հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր նման լայնամասշտաբ զորավարժություն անցկացվում:

«Ողջունելի է, որ բոլոր պատասխանատու մարմինները պարտաճանաչ կերպով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, ինչի արդյունքում հաջողվեց ապահովել զորավարժությունների անցկացման բարձր մակարդակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը: Սուքիաս Ավետիսյանը հույս հայտնեց, որ բոլոր այն հնարավոր թերությունները, որոնք ի հայտ են եկել զորավարժությունների ընթացքում, հետագայում կշտկվեն համապատասխան մարմինների կողմից:

Հայաստանում ավարտվել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի էր և նպատակաուղղված էր ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են եղել իրականությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում