Հասարակական

Պաշտպանության նախարարությունը խրախուսում է աղջիկների ծառայությունը

2 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարությունը խրախուսում է աղջիկների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերում պրոֆեսիոնալ կին զինվորականների թիվը տարեցտարի աճում է, եւ նրանք գրանցում են լուրջ հաջողություններ ռազմական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ ողջունում է կին զինվորականների մուտքը բանակ եւ խրախուսում նրանց յուրաքանչյուր նախաձեռնություն:«ՀՀ ԶՈւ-ում ծառայում են մեծ թվով աղջիկներ, ովքեր ընգրկված են տարբեր ոլորտի ծառայություններում: Աղջիկներ կան հատուկ նշանակությանն ստորաբաժանության ջոկատում, կան աղջիկ դիպուկահարներ: Տարեցտարի ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում աղջիկ կուրսանտների թիվն ավելանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 21-ին «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանը` հավելելով, որ բանակին անհրաժեշտ է իգական սեռի ներկայությունն ու նրա մտավոր կարողությունները:

Միաժամանակ, նա շեշտեց, որ դեռեւս վաղ է խոսել աղջիկների պարտադիր զորակոչի մասին: Պատճառն այստեղ այնքան էլ տեխնիկական չէ, այլ կապված է ավանդույների հետ. «Հայ տղամարդիկ այլ կերպ են նայում այս խնդրին: Նրանց մեծ մասը նախընտրում է, որ կանայք մնան տանը, ընտանիք կազմեն, ընտանիքի հիմքն ու երաշխավորը լինեն, շատ զավակներ ունենան, ինչը կլուծի մեր ժողովրդագրական շատ խնդիրներ»,- ասաց Սեյրան Օհանյանը, որ բանակի օգնելու համար հայ կանայք պետք է հակառակորդին «օրորոցային վրեժ» հայտարարեն եւ հնարավորության սահմաններում շատ զավակներ ունենան: Սեռն, ըստ Օհանյանի, էական չէ. եթե տղա ծնվեց, նշանակում է ազգի զինվորն է, եթե աղջիկ ծնվեց, ապագա զինվորների մայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում