Մտավորականներն անհանգստացած են Ծիծեռնակաբերդում զվարճանքի վայրերի և խաղատան ստեղծման ծրագրից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականներն առավելապես անհանգստացած են Մարզահամերգային համալիրի վաճառքի արդյունքում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ խաղատան ստեղծման հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն ասուլիսի ժամանակ անհանգստություն հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշման շնորհիվ ժամանակին մայրաքաղաքից դուրս մղված խաղատները կրկին կարող են վերադառնալ Երևան:«Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է սեփականաշնորհվի: Դրա համար մենք ողջունում էինք համալիրի սեփականաշնորհումը լուրջ ընկերության կողմից: Սակայն հիմա մեզ ներկայացրել են շատ հապճեպ կայացրած որոշում, որտեղ բոլորս տեսնում ենք անհասկանալի երևույթներ. մի կազմակերպություն, որը չունի անցյալ, իսկ ապագայի մասին ոչինչ չգիտենք: Այստեղ մի հարց է առաջանում, թե ո՞ւմ ենք տալիս այդ կառույցը»,- նշեց Գրիգոր Ազիզյանը, ով Մարզահամերգային համալիրի համահեղինակներից մեկն է և 1987թ. ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել կառույցի ստեղծման համար:

Ճարտարապետը հիշեցրեց, որ Մարզահամերգային համալիրն իր տարածքում ունի 6 դահլիճ, ռեստորանային համալիրների տարածքներ, որտեղ ճիշտ կառավարման դեպքում կարելի է կազմակերպել բոլոր անհրաժեշտ ժամանցի վայրերը՝ առանց հավելյալ շինությունների ստեղծման:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ համալիրի տարածքը պետք է անձեռնմխելի լինի:«Գործընկերների հետ նայեցինք Մարզահամերգային համալիրի տարածքը` ներառյալ անտառային շերտը, որը պաշտպանիչ գոտի է: Այստեղ տարածք չկա, որ հյուրանոցներ ու մեծ կառույցներ կարելի լինի ստեղծել: Նախատեսվող այդ հսկայական կառույցները, որոնք բնույթով տարբեր են նրանցից, ինչ մենք ունենք, իրատեսական չեն: Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր ֆունկցիաները պետք է պահպանի, և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը անձեռնմխելի են: Դրանք մնում են մեր ազգային արժեքներից մեկը»,- հավելեց ճարտարապետը:

Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում գործում է 3-4 ռեստորան, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ է: Այս տարածքում, լանջով իջնող, սակայն ոչ անտառային տարածքի հաշվին, ճարտարապետի կարծիքով, կարելի է կառուցել հյուրանոց. բայց ոչ թե 10-հարկանի, այլ՝ 2-3:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ` եթե Մարզահամերգային համալիրը կառուցված լիներ այլ վայրում, միգուցե ընդունելի լիներ այն զվարճանքի կառույց դարձնելը, բայց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի տարածքում դա անընդունելի է:

«Ինչ բան է ռեստորան, հյուրանոց, խաղաղատուն, լողավազաններ` դրանք բոլոր հաճույքի համար են: Ծիծեռնակաբերդի բլուրում հաճույք` անբարոյականություն է»,- շեշտեց քանդակագործը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս անհարիր է համարում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում նման կառույց ունենալը: Նա հիշեց, որ տարիներ առաջ, երբ խոսք կար այդ տարածքում փոքրիկ եկեղեցի կառուցելու մասին, հանրային ընդվզում բարձրացավ: «Նույնիսկ եկեղեցի, մատուռ կառուցելն առաջացնում էր լուրջ հանրային բողոք, քանի որ եկեղեցու տրամաբանությունն ուրիշ է, այս հուշահամալիրի տրամաբանությունն` այլ: Մենք հիմա մարմնական վայելքն ու հոգեկան ծանրագույն ապարումները ցանկանում ենք կողք կողքի ունենալ»,- ավելացրեց Հրանուշ Խառատյանը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց նշված տարածքում խաղատուն հայտնվելու հնարավորության կապակցությամբ:«Ազգային Ժողովը քննարկեց և ընդունեց օրենք. որտեղ հստակ գրված է, թե խաղատները Հայաստանի որ մասերում կարող են լինել: Երևանում դրանք կարող են լինել միայն այն դեպքում, երբ 100 մլն դոլարի ներդրում արվի այդ կառույցում: Արմեն Զավենի Գևորգյանը 100 մլն դոլարի ներդրում է խոստացել անել ամբողջ համալիրի համար, հետևաբար այդ գումարը միայն խաղատանը չի վերաբրում, ևօրենքով չթույլատրված խաղատուն է նախատեսվում կառուցել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 13-ին հավանություն է տվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի«ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

Հայերեն English Русский

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 04/06/26

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA