Քաղաքականություն

Բաշար Ասադը հայ պատգամավորների հետ հանդիպմանը զուգահեռներ է անցկացրել օսմանցիների եւ Էրդողանի միջև

2 րոպեի ընթերցում

Բաշար Ասադը հայ պատգամավորների հետ հանդիպմանը զուգահեռներ է անցկացրել օսմանցիների եւ Էրդողանի միջև

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հունիսի 4-ի առավոտյան ընդունել է Հայաստան-Սիրիա բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տաճատ Վարդապետյանը հաստատել է, որ հայ ժողովուրդը Սիրիայի ժողովրդի կողքին է այն կեղեքիչ իրավիճակում, որին ենթարկվում է ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Նա վստահորեն նշել է, որ Սիրիան դուրս կգա պատերազմից` հաղթելով ահաբեկչությանն ու նրան աջակցողներին:

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը զուգահեռներ է տարել Սիրիայի և Հայաստանի ժողովուրդների միջև վտանգին բախվելու տեսանկյունից՝ նշելով, որ օսմանցիները, ովքեր իրականացրել են ջարդերը հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ, իրենց շարունակությունն ունեն այսօր` ի դեմս Էրդողանի ու նրա կառավարության, և սիրիացի ժողովիդի դեմ օգտագործվում են նույն գործիքները` մասնավորապես ահաբեկիչներին:

Նա նաև նշել է, որ խորհրդականները, ովքեր ընտրված են իրենց ժողովուրդների կողմից, կարող են օգտակար գործողություններ ձեռնարկել՝ ճնշում գործադրելով միջազգային հանրության վրա արդյունավետ հակաահաբեկչական քաղաքականություն մշակելու համար և դա ոչ միայն հանուն սիրիացի ժողովրդի, այլ տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների, քանի որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և չի կարող մնալ մեկ երկրի շրջանակներում՝ չտարածվելով մյուսների վրա:

Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ ամրապնդելու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Դամասկոսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Սիրիայում Հայ-սիրիական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Բութրուս Մուջանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում