Տնտեսություն

Ֆրանսիացիներն առաջարկում են հայկական խաղողի դասակարգման համար ստեղծել տեխնիկական կենտրոն

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիացիներն առաջարկում են հայկական խաղողի դասակարգման համար ստեղծել տեխնիկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտների զարգացումն ավելի է կարևորվում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս կապակցությամբ Սերգո Կարապետյանն ընդգծել է Հայաստանում հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:

Նշելով, որ միջազգային՝ այդ թվում ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի նաև հայկական կաթնամթերքը, նախարարը կարևորել է համագործակցության զարգացումը պանրագործության ոլորտում:Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է տեղական սորտերի վերականգնման և պահպանման այգի՝ նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր նախաձեռնությունը ևս կհետաքրքրի ֆրանսիացի մասնագետներին:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ այցի ընթացքում ծանոթանալով հայ գինեգործության ավանդույթներին՝ համոզվել են`ՀՀ-ում այս ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ: Որպես խաղողագործության և գինեգործության բնագավառներում փոխգործակցության ընդհանուր եզրեր` ֆրանսիացի փորձագետները մատնանշել են, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման, հայկական խաղողի տեսականու դասակարգման նպատակով տեխնիկական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի ներդրումային և արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը:

Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Հայաստանում կատարված դիտարկումների արդյունքներն առաջիկայում կամփոփվեն մեկ փաստաթղթի մեջ և կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:Ֆրանսիացի պատվիրակները նաև վստահեցրել են, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կփոխանցեն իրենց երկրի շահագրգիռ կողմերին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայ-ֆրանսիական գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում