Տնտեսություն

Կառավարությունն ամեն ինչ արել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա. Երվանդ Զախարյան

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն ամեն ինչ արել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա. Երվանդ Զախարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար արտադրող ընկերությունների հայտը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մի քանի գործոնով է պայմանավորում: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել և իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով:

«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադարի, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտումների հետևանքով Հայաստանի էլեկտրական ցանցերը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որևէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ: Այո, այդ վնասներն առաջացել են նաև վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաև վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զախարյանը:

Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից: «Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց և հիմնավորումները քննարկելուց հետո»,- նշեց նախարարը:

Երվանդ Զախարյանը նշեց, որ բոլոր երկրներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, և դա նորմալ գործընթաց է: Նրա գնահտմամբ՝ սակագները Հայաստանում ևս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն:

Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում