ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղթանակի տոնն օգտագործել է ֆոտոշոփի ոլորտում իր ուժերը փորձելու համար: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ջնջել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ-ի և այլ լուսանկարների համեմատության ժամանակ երևում է, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել հարևան պետության ներկայացուցիչները և պաշտոնական հրապարակում են արել կեղծ լուսանկարով: Ադրբեջանական կեղծարարությունից տուժել է ՌԴ պատմության թանգարանի գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող շենքի ճակատը:
Հայրենակյան Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարի Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Տոնակատարության ժամանակ Մոսկվայի գլխավոր հրապարակով անցան ավելի քան 16 հազար 500 զինծառայողներ, այդ թվում՝ տասը տոնական մարտական հաշվարկ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Հնդկաստանից, Սերբիայից, Չինաստանից և Ադրբեջանից: Տոնական զորահանդեսն ամենամասշտաբայինն էր նաև ներգրավված տեխնիկայի թվով՝ շուրջ 200 զինտեխնիկա, ինչպես նաև 143 ինքնաթիռ և ուղղաթիռ: Ի թիվս տարբեր երկրների առաջնորդների` զորահանդեսին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի Թվիթերյան էջից