Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է որոշ արտագնա աշխատողների եկամտահարկն ուղղել ՀՀ բյուջե. ՈՒՂԻՂ
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկում է երկրի տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների երկամտահարկը ՀՀ բյուջե ուղղորդող օրենքի նախագիծը: Մայիսի 5-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնական զեկուցողը Ֆինանսաների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:
Նրա խոսքով` «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է 13 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատանքներ են կատարում բացառապես Հայաստանից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներին: «Այս նախագծի ներկայացումը նպատակ ունի խթանել շինարարական աշխատանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր արտագնա աշխատանք են կատարում այլ երկրում, օրինական ձևակերպում ստանան Հայաստանում ու այստեղ իրենց ստացած աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից ՀՀ բյուջե վճարեն եկամտային հարկի գումարները»,-հայտնեց ֆինանսների փոխանախարարը:
Զուգահեռաբար փոփոխություններ են նախատեսվում «Շահութահարկի մասին» օրենքում, որով այն գործատուները, ովքեր կունենան նման պայմանագրեր ՀՀ տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանքների կատարման համար ու այդ ծրագրերը հավանության կարժանան ՀՀ կառավարության կողմից, նրանց համար շահութահարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի մտահոգությանն ի պատասխան` Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ օրենքի այս նախագծով վարձու աշխատողի համար որևէ բեռ չի նախատեսվում: «Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերով նախատեսված սխեմաները հնարավորություն են տալիս, որ աշխատողները գրանցվեն ՀՀ-ում, ծառայությունները մատուցվեն ՀՀ-ից դուրս ու հարկերը վճարվեն Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց հիմնական զեկուցողը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նկատեց, որ, օրինակ, Ռուսաստանում աշխատողներն ստիպված կլինեն ռուսաստանյան հարկին զուգահեռ վճարել նաև նշյալ նախագծով սահմանվող 13 տոկոս եկամտահարկը: «Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ քաղաքացիները ձևակերպված կլինեն որևէ երկրի կազմակերպությունում որպես վարձու աշխատողներ, ձեր ասած օրինակը տեղին է, բայց խնդիրը նրանում է, որ այդ նախագծով նրանք չենք ձևակերպվում արտերկրում` ոչ ռեզիդենտ կազմակերպությունում, այլ գրանցվում են հայաստանյան կազմակերպությունում, դառնում են ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցներ, աշխատավարձ են ստանում հայաստանյան կազմակերպությունից: Այս դեպքում ստացվում է, որ ռեզիդենտ կազմակերպությունն է մատուցում ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը: Այսինքն` մենք հարկային հարաբերությունները քաղաքացի-ոչ ռեզիդենտ դաշտից տեղափոխում ենք ՀՀ կազմակերպություն-արտերկրի կազմակերպություն դաշտ: Այս պարագայում արտերկրի կազմակերպությունը ՀՀ քաղաքացուն վճարվող աշխատավարձից հարկի պահում, բնականաբար, չի կատարում»,-հայտնեց Վախթանգ Միրումյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք նշյալ փոփոխություններով չի խրախուսվում արտագաղթը` Վախթանգ Միրումյանը նշեց. «Այս նախագծով մենք չենք նպաստում արտագաղթին, բայց գիտակցում ենք, որ այսօր էական մաս են կազմում մեր հայրենակիցները, ովքեր իրենց աշխատանքը կատարում են արտերկրում: Մենք պարզապես դաշտ ենք ստեղծում, որ նրանք օրինական ձևակերպում ստանան Հայաստանում»:
Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ, օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ որևէ խնդիր չի առաջանա նման օրենք ունենալու դեպքում, քանի որ ԵՏՄ-ին յուրաքանյուր անդամակցող երկիր ինքն է որոշում հարկման դրույքաչափերը և որևէ սահմանափակում չկա եկամտահարկի կամ որևէ այլ հարկատեսակի դրույքաչափերի փոփոխության հարցում:
Ֆինանսների փոխանախարարը շեշտեց, որ խնդիր չունեն լրացուցիչ օգուտներ քաղել արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներից, այլ օգուտների վերաբաշխման խնդիր են լուծում:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ նման փոփոխություններով փորձ է արվում հարկել Հայաստան ուղղվող տրանսֆերտների մի մասը, սակայն, «ցանկացած ազատ շարժի արդյունքում եկամտի հարկումը ընդվզում է առաջացնում»: «Մենք չենք նախատեսում տրանսֆերտների հարկում, դրանք որոնք գալիս են Հայաստան, հիմնականում հարկված են: Կարգավիճակի խստացումների ֆոնին հեշտ չէ ԵՏՄ անդամ երկրներում իրականացնել աշխատանք, մենք ասում ենք, որ կա մեխանիզմ, որ օրինական գրանցված աշխատողը չհարկվի տվյալ երկրում, այլ մեր երկրում: Մենք ոչ թե տրանսֆերտն ենք հարկում, այլ տրանսֆերտի հարկումը այլ երկրից տեղափոխում ենք Հայաստան»,-ի պատասխան Մելքումյանի` նշեց Վախթանգ Միրումյանը:
05.05.2015