Քաղաքականություն

ՌԴ-ն անվերադարձ կորցրել է Ուկրաինան. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ն անվերադարձ կորցրել է Ուկրաինան. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ընթացող պատերազմն, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, կարելի է տարբեր կերպ անվանել` պատերազմ Ուկրանիայի եւ Ռուսաստանի միջեւ, պատերազմ արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այս պարագայում, ըստ քաղաքագետի, էականն այն է, որ պատերազմ է եւ այն ներառում է նաեւ տեղեկատվական, որը ոչ թե երկկողմ է, այլ բազմակողմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Կովկաս» ինստիտուտում ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկման ժամանակ Իսկանդարյանը շեշտում է, որ տեղեկատվական պատերազմն ունի գերառաջադրանք` վանել ռացիոնալ մտածելակերպն ու մանիպուլյացիայի ենթարկել հասարակական տրամադրվածությունը:

«Ես հաճախ եմ լսում, թե այն ամենում, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեղավոր է Պուտինն անձնապես: Սա հնչում է ամեն տեղ, բայց եթե մենք իրական գնահատական տանք, ապա Պուտինն ունի մեծ աջակցություն ՌԴ-ում, ուկրաինական ճգնաժամի արդյունքում իշխանության շուրջ մարդիկ ավելի շատ են համախմբվում, քան նախկինում: Հետևաբար, մարդիկ, ովքեր պաշտպանում են Պուտինի քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրների հանդեպ, շատ է: Ռուս հասարակությունում կա նոստալգիա ԽՍՀՄ-ի հանդեպ, եւ երիտասարդների մոտ այդ տեսակետը շատ տարածված է»,- ասաց Իսկանդարյանը`հավելելով, որ դա ոչ թե անձի խնդիր է, այլ քաղաքականության, եւ եթե Պուտինին փոխարինի որեւէ այլ քաղաքական գործիչ, ապա վերաբերմունքը չի փոխվելու: Իսկանդարյանը հիշեցնում է ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի խոսքերը, որ ռուսական լիբերալիզմը ուկրաինական ճգնաժամի մոտ ավարտվում է: «Խնդիրը Պուտինը չէ, խնդիրը մտածելակերպն է»,- ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ խնդիրը բազմակողմ է, շատ բարդ:

Միակ բանը, որ հստակ է, այն է, որ Ռուսաստանն անվերադարձ կորցրել է Ուկրաինան: «Ցանկանալով ձեռք բերել մի մաս, ՌԴ-ն կորցրեց ամբողջը: Ուկրաինան երբեք պրոռուսական չի դառնա: Առանց Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի էլ Ուկրաինան շարունակում է մնալ Ուկրաինա, եւ նրա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ նախկինի պես չի դառնա»,- ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ ճգնաժամը մտել է փակուղի, ոչ ՌԴ-ն, ոչ Ուկրաինան, ոչ էլ Արեւմուտքը չգիտեն այդ փակուղուց դուրս գալու ելքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում