Գևորգ Կոստանյանը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի դեպքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը և դրա հետ կապված զարգացումները, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում: Ազգային ժողովում «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ քաղաքական, զգացմունքային գնահատականները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական գործի վրա: «Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական և զգացմունքային գնահատականները պետք է լինեն իրավական հարցերը պարզելուց հետո, քանի որ ներկա փուլում քաղաքական գնահատականներ հնչեցնելը որևէ կերպ չի կարող օգուտ տալ գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ հարցը լիովին գտնվում է իրավական դաշտում, և բոլորը պարտավոր են կատարել իրենց պարտականությունները՝ զերծ մնալով զգացմունքային և քաղաքական գնահատականներից: «Ցանկացած ոք կարող է ունենալ զգացմունքային գնահատականներ, քաղաքական կարծիք, սակայն լավ կլինի, որ դրանք հաջորդեն իրավական բոլոր հարցերի լուծմանը»,- ասաց Կոստանյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն English