Քաղաքականություն

Պուտինը վստահ է, որ Գյումրու ողբերգության բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը

2 րոպեի ընթերցում

Պուտինը վստահ է, որ Գյումրու ողբերգության բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ևս մեկ անգամ հայտնի իր ցավակցությունները Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենակարճ ժամանակում և մեղավորները կկրեն օրենքով սահմանված իրենց պատիժը»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով` Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկներն իրենց հայ գործընկերների հետ կցուցաբարեն ողջ անհրաժեշտ բարձրակարգ մասնագիտացված օգնությունն այդ ողբերգությունը վերապրած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին:

«Ռուսաստանի նախագահը նաև իր հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ուղարկել բժշկական ինքնաթիռ, որպեսզի երեխան տեղափոխվի Մոսկվա`հետագա բուժման համար»,- ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բացի այդ, ըստ Պեսկովի, հեռախոսազրույցի ժամանակ Սարգսյանը և Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում