Տնտեսություն

KFW-ն 75 մլն եվրո կտրամադրի հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար

2 րոպեի ընթերցում

KFW-ն 75 մլն եվրո կտրամադրի հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև նախատեսվում է կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագիր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի շրջանակներում, ինչն ամրագրված է նաև 2013թ. նոյեմբերի 5-ին ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարկային և ծրագրային համաձայնագրի հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի-ի նիստի օրակարգում:

Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում` «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով):

«Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում