Փաստ մեկնաբանությամբ

Ալիևը «կախվում է փրփուրներից»` մոլորեցնելով միայն անտեղյակներին

5 րոպեի ընթերցում

Ալիևը «կախվում է փրփուրներից»` մոլորեցնելով միայն անտեղյակներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական անգամ աչքի ընկավ ոչ ադեկվատ և ինչ-որ չափով նաև անպատասխանատու հայտարարություններով, որոնք վկայեցին այդ պետության ղեկավարի ոչ ադեկվատության մասին: «Արմենպրես»-ն անդրադարձել է այդ հարցազրույցին` առանձնացնելով դրանցում առկա առավել հետաքրքրական հատվածները:

Հարցազրույցում մեծ տեղ է հատկացվում տնտեսական հարցերի քննարկմանը, անդրադարձ է կատարվում երկրի տնտեսության վիճակին: Ալիևն անհանգստություն է հայտնում նավթի համաշխարհային գնանկման առնչությամբ` կանխատեսելով դրա բացասական ազդեցությունը պետության հետագա ծրագրերի վրա: Այդ անհանգստությունը կարող է զգացնել տալ, եթե հաշվի առնենք այն, որ այս տարվա բյուջեի նախագծով նավթը գնանշվել է 90 դոլարի չափով, մինչդեռ այժմ դրա գինն ավելի քան 20 դոլարով պակասել է: Ալիևի անհանգստությունը տեղին պետք է համարել նաև Ադրբեջանում նավթի պաշարների սպառման մասին ահագնացող գնահատականների ֆոնին: Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնում, որ անգամ նավթի գնի` մինչև 60 դոլար էժանացման պարագայում երկրի տնտեսությունը կկարողանա բնականոն կերպով զարգանալ: Իսկ այս լավատեսությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրի կոռումպացված իշխանությունները մտադրվել են մեծացնել արդյունահանման ծավալները` քամելով ընդերքը:

Ալևիը հայտնում է նաև այն մասին, որ իրենք նախատեսում են կրճատել բյուջետային ծախսերը տարբեր նախագծերի, ինչպես օրինակ, ենթակառուցվածքների վրա: Այստեղ հարց է ծագում` արդյոք նախագահը չունի խորհրդականներ ու համապատասխան փորձագետներ, որոնք կհասկացնեն երկրի ղեկավարությանը, որ բյուջետային ծախսերը ենթակառուցվածների վրա կրճատելու փոխարեն կարելի է նվազեցնել ամեն տարի սպառազինության համար ծախսվող գումարի չափը:

Ադրբեջանի նախագահն անդրադառնում է նաև բազմամշակութայնության գաղափարին` պնդելով, որ այն հաջողությամբ գործում է երկրի ներսում և «ժողովուրդն ամեն հարցում աջակցում է պետության մոտեցումներին»: Ալիևը իր այս արտահայտությունն անելու ժամանակ երևի հաշվի չէր առել ավելի քան հարյուր ակտիվիստների և գործիչների` սեփական կարծիքն ու պետության վարած քաղաքականության նկատմամբ անհամաձայնությունն արտահայտելու համար բանտերում փակված լինելու փաստը: Ստացվում է, որ Ալիևի` «ներսում խնդիր չկա» արտահայտությունը ևս պետք է դասել նրա երևակայական մտքերի շարքին:

Հարցազրույցի հաջորդ հատվածում Ալիևն ակնհայտ կերպով սկսում է ցեխ շպրտել Ադբեջանի անկախացումից հետո երկրի ղեկավարության ղեկին հայտնված «Ազգային ճակատ»-ի և դրա վարած քաղաքականության վրա: Ալիևի պնդմամբ`90-ականների սկզբին պետության քաղաքականության հիմքում դրված է եղել ազգային անհանդուրժողականությունը, ճնշումները «ոչ բնիկ բնակչության նկատմամբ»: Ալիևը, թերևս կրկին կորցնելով իրականության զգացողությունը, մոռացել էր, որ տարածաշրջանի միակ ոչ բնիկ բնակչությունը հենց իրենք` ադրբեջանցիներն էին: Նա «խայտառակության տարիներ» է անվանում այդ ժամանակաշրջանը` իր հորը` Հեյդար Ալիևին ներկայացնելով իբրև իսկական փրկություն ստեղծված իրավիճակում: Մինչդեռ կրտսեր Ալիևը պետք է որ հիշեր, որ ոչ պակաս բռնություններ են տեղի ունեցել նաև իր հոր օրորք և այդ բռնաճնշումները շարունակվում են նաև իր իշխանության պայմաններում:

Ալիևը, բնականաբար, չէր կարող բաց թողնել հերթական հարմար հարթակը խոսելու նաև ղարաբաղյան հակամարտությունից: Ու ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Ադրբեջանի ղեկավարը սկսեց «երգել հայտնի երգերը» ՄԱԿ-ի բանաձևերի և դրանց անկատարության վերաբերյալ`մոռանալով Սոչիում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` իրեն արված հարցադիմումը, թե ինչ է արել ադրբեջանական կողմը վերոնշյալ բանաձևերի կետերի իրականացման համար: Թերևս այս հարցի պատասխանը գտնելուց հետո Ալիևը հաջորդ անգամ շատ ավելի զգույշ կլինի ղարաբաղյան հակամարտության և դրա չկարգավորված լինելու հարցում մեղավորներ փնտրելու ժամանակ:

Պատրաստեց Արաքս Կասյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում