Փաստ մեկնաբանությամբ

Ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու գործողությունն իրականացրել է 4 հոգանոց խումբը

2 րոպեի ընթերցում

Ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու գործողությունն իրականացրել է 4 հոգանոց խումբը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու գործողությունն իրականացրել է հատուկ ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը: Այս եւ այլ մանրամասների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։Փառք մեր տղաներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմաբ` գրել է Մելիք-Շահնազարյանը:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկնշանակության գործողության:Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Հայ օդաչուներին կհուղարկավորեն զինվորական արարողակարգով նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում