Փաստ մեկնաբանությամբ

Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

2 րոպեի ընթերցում

Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ադերբաջանական կողմի խոցված ուղղաթիռի օդաչուներին տարհանելու գործողությանը: «Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն, ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ: Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն ինչ, մի խոսքով. նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկ ջոկատային է ոչնչացրել և վերջապես այսօր փառքով ավարտել են իրենց գործը:Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է քաղաքագետը։

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկնշանակության գործողության:Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում