Տնտեսություն

Իրանը բիզնեսն ընդլայնելու արտոնյալ առաջարկ է անում հայ գործարարներին

5 րոպեի ընթերցում

Իրանը բիզնեսն ընդլայնելու արտոնյալ առաջարկ է անում հայ գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապատությունը շահավետ պայմաններ է առաջարկում հայ գործարարներին՝ իրենց երկրում արտադրություն սկսելու և արտահանում կատարելու դեպքում։ Հրավիրող քաղաքը Ջուլֆան է, որն իրանական կառավարության որոշմամբ 2003 թվականին հռչակվեց ազատ առևտրի գոտի։ Հայ-իրանական սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքը, որ սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին, այդ օրվանից ձեռք է բերել արտադրության և առևտրի արտոնյալ կարգավիճակ։ Ներկայում քաղաքը թևակոխել է զարգացման նոր փուլ՝ դառնալով ազատ առևտրի հսկայական գոտի։ Ջուլֆա քաղաքումգտնվող «Արաս» ազատ առեւտրի տարածքը շուրջ51 հազար քառակուսի կիլոմետր է։ Գտնվելով հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ճանապարհների հատման կետում՝ այն առևտրի հարմարավետ պայմաններ է ապահովում տարածաշրջանի երկրների համար։

Ազատ առևտրի գոտի-քաղաքի ընձեռնած հնարավորություններին ծանոթանալու նպատակով էլ մի խումբ հայ լրագորղներ այցելեցին Ջուլֆա։ Քաղաքի արդյունաբերական վարչության ներկայացուցիչ Հոսեյն Սահդարին ճամփորդության ընթացքում պատմեց, որ ազատ գոտում ներկայումս գործում է 37 արդյունաբերական գործարան և ևս 8-ը պատրաստ են շահագործման։ Նրա խոսքով՝ բոլորովին վերջերս ընդունվեց մի շատ կարևոր օրենք, որի համաձայն՝ օտարերկրացի ներդրողները հնարավորություն են ստանում հիմնել արտադրություն և դառնալ 100 տոկոս սեփականատեր։ Բացի այդ, յուրաքանչյուր ներդրողի տրվում է 20 տարվա հարկային արտոնություն, և նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից, իսկ քաղաք մուտք գործելու համար հեշտացվել են վիզային ռեժիմները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական քաղաքն արտահանում է իրականացնում աշխարհի 30 երկրներ, որոնց թվում` ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական պետություններ են։

Չնայած իրանական կողմի առաջարկած արտոնյալ պայմաններին՝ հայկական ընկերություններ ազատ գոտում դեռ չեն գործում։ Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ դա պայմանավորած է ընդամենը մեկ հանգամանքով՝ հայերը ծանոթ չեն այդ շուկային։ Տնտեսապես արագ զարգացող քաղաքում շուրջ տասը տարվա ընթացքում ներդրումները 11 միլիոնից հասել են 120 միլիոն դոլարի, իսկ արտահանումը` 44 միլիոնից 506 միլիոն դոլարի: Սահդարիի խոսքով՝ բացի հարկային բացառիկ արտոնություններից, ներդրողները հանարավորություն են ստանում օգտվել նաև մատչելի էներգիայից և գազից՝ հնարավորինս կրճատելով արտադրական ծախսերը։ Դրանում համոզվելու համար լրագրողներին ուղեկցեցին մի շարք գործարաններ։ Արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքում ստեղծված մի քանի տասնյակ արտադրական ընկերություններից միայն մի քանիսն են աշխատում Հայաստանի հետ։ Գործարարները դա բացատրում են մի քանի հանգամանքով՝ նախ լավ ծանոթ չեն հայաստանցի գործընկերներին, և երկրորդ՝ հայկական շուկան փոքր է։ Գործարարների խոսքով՝ ազատ գոտում գործունեության ընթացքում իրենք հնարավորություն են ստացել շուրջ 30 տոկոսով կրճատելու արտադրության ծախսերը, հետևաբար նաև նվազել է արտադրանքի ինքնարժեքը, և այն ավելի մրցունակ է դարձել։

«Արաս» ազատ առևտրի գոտու հանրավորություններին ամողջապես ծանոթանալու համար հանդիպում էր նախատեսված նաև գոտու ղեկավար, Իրանի Մեջլիսի պատգամավոր Արաբբաղեն Մոհսենի հետ։ Նա փաստեց, որ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել հայ և իրանցի գործարարներին ծանոթացնելու համար և համոզմունք հայտնեց, որ այժմ ժամանակն է դա ավելի կիրառական դաձնելու։ «Աշխարհի շատ երկրներում լավագույն մասնագետները հենց հայեր են։ Հայաստանը հիանալի կադրեր ունի մեքենաշինության, գյուղատնտեսության, ինժեներիայի և շատ այլ ոլորտներում։ Կցանկանայինք նաև այստեղ տեսնել հայ մասնագետների։ Մինչ այդ, մենք միմյանց տնտեսություններին ծանոթանալու խնդիր ունենք, հետևաբար երկու երկրների միջև պետք է տեղեկատվությունն ավելի բաց լինի։ Եթե հայ գործարարները ցանկանան արտադրություն սկսել ազատ գոտում, մենք պատրաստ ենք ընդունել բոլորին։ Հումքը կարող է ներկրվել Հայաստանից, արտադրությունը կիրականցվի Իրանում, իսկ արտահանման ժամանակ գործարարները կազատվեն բոլոր հարկերից»,- վստահեցրեց Մոհսենը։

«Արաս» ազատ առևտրի գոտու ղեկավարը հանդիպման վերջում վստահեցրեց հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ անկախ ներդրումների չափերից` քաղաքում գործարարների համար գործում են նույն օրենքները, իսկ եթե գործարարը որոշում է չշարունակել իր բիզնեսը Իրանում, ապա նրան է վերադարձվում արտադրության ժամանակ ձեռք բերված ողջ գույքը և գումարը։

ԵՐԵՎԱՆ-ՋՈՒԼՖԱ-ԵՐԵՎԱՆ` Գոհար Ավետիսյան

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում