Արմեն Երիցյանը ոգևորված է Գառնիում միջազգային սեյսմիկ կենտրոն ունենալու հեռանկարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարևորում է Գառնիում միջազգային սեյսմիկ կենտրոնի բացումը, որը տեղի կունենա այս տարի: Լրագրողների հետ զրույցում նախարարը, անդրադառնալով ԱԻ նախարարության առաջիկա քայլերին, ընդգծեց, որ այնտեղ տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆներից մեկը, որի երկարությունը 365 մետր է: «Ես ինչի՞ համար եմ մշտապես դեֆորմոգրաֆի երկարության մասին խոսում, որովհետև որքան այն երկար է, կարող է ավելի ճշգրիտ ցույց տալ երկրի կեղևի շարժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Գառնիի աստղադիտարանում աշխատանքներ են տարվում այն միջազգային խոշոր գիտական կենտրոն դարձնելու ուղղությամբ: Կենտրոնում տեղադրվել է նաև երկրակեղևում նախաերկրաշարժային շարժերը ֆիքսող եզակի սարք, ինչը թույլ է տալիս «մատները պահել երկրի զարկերակի վրա»: Լուրջ միջոցներ են ներդրվում, և միջազգային կառույցներ են ներգրավվում Գառնիի խզվածքի վրա ստեղծված Գառնիի դիտակայանում միջազգային խոշոր գիտական կենտրոն ստեղծելու համար: Այնտեղ նաև կա թեքաչափ, որը նույնպես եզակի է: