Հակառակորդը գիշերը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակահերթերը չեն դադարել նաեւ հուլիսի 29-ի գիշերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին երեք օրերին հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն ու տարբեր տրամաչափի փամփուշտներով կրակում հայկական դիրքապահների ուղղությամբ: «Հուլիսի 29-ի գիշերը կրակոցների թիվը մի քիչ նվազել էր, սակայն ընդհանուր առմամբ սահմանին իրավիճակը հանգիստ չես անվանի: Հայկական դիրքապահները պատասխանել են, ինչից հետո թշնամին լռել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հայկական դիրքապահները կրակում են միայն կանոնավոր կրակոցներին եւ դիպուկահարներին:
Վերջին շրջանում գրեթե ամեն օր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը ենթարկվում են գնդակոծության: Հակառակորդը գործի է դնում ինչպես տարբեր տրամաչափի փամփուշտներ, այնպես էլ դիպուկահարների: Հայկական դիրքապահները պատասխանում են միայն կանոնավոր կրակոցներին: Անկանոն կրակոցներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայկական զինված ուժերը չեն պատասխանում:
Հուլիսի 27-ին հակառակորդի կրակոցներն ուղղված են եղել նաևւ Տավուշի մարզում գտնվող Կարմիր Խաչի ավտոմեքենային: