Հասարակական

Հայկական տոլման ևս մեկ անգամ միավորեց ազգային խոհանոցի սիրահարներին

4 րոպեի ընթերցում

Հայկական տոլման ևս մեկ անգամ միավորեց ազգային խոհանոցի սիրահարներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոհարարական ավանդույթները տոլմայի տեսքով ներկայացվեցին Սարդարապատում: Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Ուդուլի» տոլմայի փառատոնն այս տարի ևս անտարբեր չէր թողել ազգային խոհանոցի սիրահարներին: Նրանք հնարավորություն ունեին փորձելու տոլմայի ավելի քան 70 տեսակներ, որոնք տարբերվում էին իրենց բաղադրությամբ, համ ու հոտով: Տոլմայի գուրմանների կողքին իր համտեսն էր անցկացնում նաև ժյուրին, որին վիճակված էր որոշելու այս տարվա լավագույն համը, տեսքը և մտահղացումը:

Ժյուրիի կազմում էին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ վետերան Արկադի Անդրեասյանը և այլք: «Այս փառատոնով մենք ցույց ենք տալիս , որ այս ուտեստի տերն ենք: Պետք է նշեմ մի հանգամանք ևս, ընտրված բանջարեղենները, համեմունքները հայկական լեռնաշխարհի են, որոնց օգտագործումը նույնպես գնահատելի է: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, որովհետև իսկապես մեծ գործ է պահպանել ազգային ավանդույթները և զարգացնել դրանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեյլա Սարիբեկյանը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ հայկական տոլման պետք է գովազդել, որովհետև այսօր այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, երբ տարածաշրջանում փորձում են խլել նույնիսկ ազգային խոհանոցի ուտեստները: Երեք անվանակարգերից և գլխավոր մրցանակից բացի անցկացվում էր «Ամենաերկար տոլմայի» պատրաստման մրցությունը: Նախորդ փառատոնին հաջողվել էր պատրաստել 7 մետր 8 սմ երկարությամբ տոլմա և նոր ռեկորդ սահմանել: Այս տարի մրցույթին հետևելու էր եկել «Դյուցազնագրքի» խմբագրակազմը, սակայն մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց գերազանցել նախորդ տարվա ռեկորդը` գրանցելով ընդամենը 3 մետր 82 սմ արդյունք:

Ամփոփելով տոլմայի 4-րդ փառատոնը` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը փաստեց, որ ազգային խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է, ինչի մասին են վկայում մասնակիցների և հյուրերի ակտիվությունը: «Սա ուտել-խմելու միջոցառում չէ, այլ մշակութային փառատոն, որի իմաստն է ներկայացնել ազգային խոհանոցը: Բոլորս հավաքվել ենք և փորձում ենք այնպես անել, որպեսզի մեր հասարակության մեջ պահպանվի ազգայինը, որը դարերով մեզ է փոխանցվել: Մենք ունենք մեր առաջ դրած հստակ նպատակ` նպաստել ազգային կերակրատեսակի` տոլմայի տարածմանը, նոր տարատեսակների պատրաստմանը և ավանդականի պահպանմանը»,-ասաց Մամուլյանը:

Փառատոնն այս տարի կրում էր «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: Դրան մասնակցում էին ինչպես ռեստորանների անձնակազմեր, այնպես էլ հասարակական կազմակերպություններ և մշակութային միություններ: Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով, որը ներկայացնում էին հենց Արմավիրի մարզի կատարողներն ու պարողները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում