Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթին մասնակցում է հաղթելու ակնկալիքով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը պատասխանատվությամբ է պատրաստվում հեղինակավոր մրցույթին: Մրցույթն այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը Յուրմալայում: Այն հայ ակնդրի համար կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությանը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի, նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:

Մի շարք նախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ուրախ է Յուրմալայում ներկայացնել Հայաստանը: «Մեծ պատասխանատվություն է ներկայացնել երկիրն այդպիսի միջազգային մրցույթում: Սա իմ առաջին միջազգային մրցույթն է, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Եթե մրցույթ է, ապա մրցույթ են մեկնում հաղթելու համար, և գերնպատակս լինելու է հաղթանակը: Անելու եմ ամեն ինչ, որ հաղթանակը մերը լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Ռուբենյանը: Մրցույթի կանոնադրությանը համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

Երաժշտական պրոդյուսեր Անդրեն նշեց, որ Հայաստանը ներկայացնելու համար պայքարում էր 4-5 մասնակից, և ընտրվեց Սոնան: «Արդեն երեք ամիս է՝ ձայնագրում ենք երգեր: Միջազգային հիթի համար մոտավորապես 10 երգ ենք ձայնագրել: Փոքր-ինչ ձգձգվեցին այդ աշխատանքները: Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը: Մրցույթի կանոնադրությունը նախորդ տարվանից փոխվել է, և այս տարի մասնակիցը ներկայանում է նախորդ տարիների մասնակցի հետ: Այս տարի Սոնան Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի օրվա համար պատրաստել ենք Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը»,-նշեց Անդրեն:

Երգչի խոսքով՝ ամեն օր փորձեր են կատարվում, և Սոնան օր օրի աճում է, կարողանում է էլ ավելի հուզել:

Պրոդյուսեր Աննա Թադևոսյանն ընդգծեց, որ «Շանթ» հեռուստաընկերության միջազգային երաժշտական ձևաչափերին ավելացավ ևս մեկը՝ «Նոր ալիք»-ը: «Կրկնակի ուրախ ենք, որ այս տարի Հայաստանն այս մրցույթին կներկայացնի «Շանթի» մի շարք նախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը: Նրա ներկայությունը «Նոր ալիք»-ում պայմանավորված չէ նրանով, որ «Շանթն» է այս տարի հեռարձակում այս մրցույթը: Սոնան մյուս երգիչների հետ մասնակցել է նախընտրական մոսկովյան փուլին և ճանաչվել է լավագույնը: Մեզ համար սա կրկնակի պատասխանատվություն է: Մենք ամեն ինչ կանենք, որ Սոնան պատշաճ ներկայանա մրցույթին»,-նշեց Աննա Թադևոսյանը:

Միջազգային «Նոր ալիք»մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականիցսկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն էր, ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա