Հասարակական

Ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկում են ընդհանուր արժեքները, միտումներն ու համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

Ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկում են ընդհանուր արժեքները, միտումներն ու համագործակցության ուղիները

ՀԱՆՔԱՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան տարածաշրջանի լրատվական գործակալությունների ասոցիացիայի անդամ լրատվական չորս գործակալությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ մեկտեղվել են Հանքավանում` մասնակցելու «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ և համագործակցություն» խորագրով համաժողովին: Նրանց նպատակն է ազգային լրատվական գործակալությունների համագործակցության հետագա ուղղությունների նախանշումը, գլոբալացող աշխարհում նկատվող միտումների բազմակողմանի քննարկումը, արժեհամակարգի առանձնահատկությունների դիտարկումը:

Զեկույցներով հանդես կգան «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը (Հայաստան), «BTA» գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչևը (Բուլղարիա), «GHN» գործակալության տնօրեն Գոշա Միրցխուլավան (Վրաստան) և «Agerpres» գործակալության ներկայացուցիչ Ալեքս Գիբոին (Ռումինիա): Քննարկման մասնակիցների թվում են հայկական լրատվամիջոցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Քննարկման ավարտին «Արմենպրես» լրատվական գործակալության եւ Բուլղարիայի, Ռումինիայի ու Վրաստանի ազգային լրատվական գործակալությունների միջև կստորագրվի համաձայնագիր:

«Արմենպրես», «BTA», «Agerpres» եւ «GHN» լրատվական գործակալությունները Սեւծովյան տարածաշրջանի լրատվական գործակալությունների ասոցիացիայի անդամ են, «BTA»-ն ու «Agerpres»-ը` Հարավարեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան լրատվական գործակալությունների մշտական անդամ են, «Արմենպրես»-ը` դիտորդ-անդամ:

Համաժողովի անցկացմանը աջակցել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IdeA), Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում