Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

4 րոպեի ընթերցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարը  աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին, անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:

Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը կարևորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:

Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: «Այն հնարավորություն կտա նաև ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ, անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:

Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է, նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել նաև եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացույով, պարարտանյութով, վառելիքով և գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:

Այնուհետև, նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Չինարի և Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին և Լևոն Գրիգորյանին:

Մարզի գյուղատնտեսության ևս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:2011թ. գործող համալիրն այսօր Եվրոպայից ներկրված բարձր մթերատու 200 գլուխկենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաև կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ:

Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային-անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես, ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էր դիմել նախարարությանը: Այցն իրավիճակին տեղում ծանոթանալու և նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում