Երեխաների միջազգային օրը նշանավորվեց Դիլիջանի զարգացման հիմնադրամի մեկնարկով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեխաների միջազգային օրն իր գործունեությունը սկսեց Դիլիջանի զարգացման հիմնադրամը, որը հիմնվել է Հայաստանի զարգացման նախաձեռնություներ (IDeA) հիմնադրամի կողմից՝ քաղաքի զարգացանը նպաստելու համար։ Այն IDeA հիմնադրամի հետ հունիսի 1-ին իր աջակցությունը բերեց Դիլիջանում երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների իրականացմանը: Այդ օրը շուրջ հինգ հազար երեխա նվերներ ստացան և ողջ օրը հնարավորություն ունեցան մասնակցելու քաղաքի տոնական միջոցառումներին։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորաստեղծ հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը, իրենց նպատակը Դիլիջան քաղաքը մշակութային և զբոսաշրջային կենտրոն դարձնելն է, ինչպես նաև զբոսաշրջիկների և ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորելը։ «Ծրագրերը բացառիկ են և նախադեպ չունեն։ Մենք հակված ենք, որ դրանք բարեհաջող ընթացք ունենան: Ըստ մեր տեսլականի՝ Դիլիջանը պետք է դառնա զբոսաշրջիկների և ներդրողների համար գրավիչ կենտրոն, որը զարգանում է միջազգային չափանաիշներին համաձայն: Դիլիջանի կլիման յուրահատուկ է, և քաղաքի ընտրությունը պատահական չէր: Մեր ծրագրերը կարևոր են ոչ միայն Դիլիջանի, այլև ողջ մարզի զարգացման գործում: Հիմնադրամի ծրագրերը ունեն երեք ուղղվածություն՝ քաղաքի և շրջանի տնտեսական զարգացման ծրագրեր, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր և երրորդ՝ կրթական և հանրային կյանքի ոլորտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ տնտեսական զարգացման համար պետք է մշակվի ռազմավարական ծրագիր, որը կխրախուսի երկարաժամկետ բիզնես ծրագրերը։ Հակոբյանի խոսքով, ուշադրություն է դարձվելու այն հանգամանքին, որ քաղաքի բնակիչները մասնակից դառնան իրենց համայնքի զարգացմանը։
IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, Դիլիջանի զարգացման համար իրականացվող ծրագրերը լինելու են երկարաժամկետ և տարբեր բնույթ են ունենալու: «Հիմնադրամի հիմքում սոցիալական ձեռներեցությունն է, որը նշանակում է, որ բոլոր ծրագրերը պետք է լինեն երկարաժակետ և ինքնածախսածածկվող: Բարեգործական ծրագրերի համար հաճախ է խնդիր դառնում մշտական ֆինանսավորումը, որը կփորձենք լուծել տարբեր մեխանիզմներով։ Ծրագրերի ընտրությունը կատարվում է մի քանի սկզբունքներով, սակայն առաջնային են այն հանգամանքները, որ ծրագիրը լինի երկարաժամկետ, ունենա տարածաշրջանային նշանակություն, մուլտիպլիկացիոն էֆեկտ, բնակչության ներգրավվածություն և այլն»,- ասաց Զոնաբենդը։ Խոսելով Դիլիջանում իրականացված ծրագրերի մասին` նա շեշտեց, որ ամենախոշոր ծրագիրը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցն է: Զոնաբենդը շեշտեց, որ դպրոցն արդեն իսկ հանրաճանաչ է դառնում աշխարհի տարբեր երկրներում, և ունի ոչ միան տարածաշրջանային, այլև միջազգային նշանակություն:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) բարեգործական հիմնադրամն ստեղծել են Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը` Հայաստանում և Արցախում երկարաժամկետ ծրագրեր իրականացելու նպատակով: Հիմնադրամն իր բարեգործական ծրագրերն իրականացնում է այնպիսի մեխանիզմների կիրառությամբ, որոնք ապահովում են դրանց երկարաժամկետ ֆինանսական կայունությունը` ըստ էության խրախուսելով սոցիալական ձեռներեցության գաղափարը: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք զգալիորեն կբարելավեն երկրում սոցիալական և տնտեսական իրավիճակը` Հայաստանին և հայությանը հնարավորություն տալով անցնելու գոյատևման մոդելից բարեկեցության մոդելի: Դիլիջանում տնտեսական աճը խթանելու նպատակով այն հիմնել է Դիլիջանի զարգացման հիմնադրամը, որն արդեն իսկ իրականացնում է երեխաների կրթամշակութային զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց թվում են «Սթրիթ արթ» ակումբի միջոցով Դիլիջանի բազմաթիվ տարածքների պատկերազարդումը, Դիլիջանի մանկական թատերական խմբակն ու երգչախումբը: