Հասարակական

Էդվարդ Միրզոյանին նվիրված պատանի կոմպոզիտորների մրցույթին ներկա էր նաև կոմպոզիտորի այրին

4 րոպեի ընթերցում

Էդվարդ Միրզոյանին նվիրված պատանի կոմպոզիտորների մրցույթին ներկա էր նաև կոմպոզիտորի այրին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի 16 ստեղծագործողներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն ունեցան: Միության նախաձեռնությամբ, առաջին անգամ, մայիսի 8-12-ը կազմակերպվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ: Այն մեկնարկեց մայիսի 8-ին: Մրցույթին մասնակցեցին 9-16 տարեկան պատանի ստեղծագործողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց մեկ դաշնամուրային ստեղծագործություն: Նրանց ելույթների հերթականությունը որոշվեց վիճակահանությամբ: Մրցույթն անցկացվեց երկու ենթախմբերով, որոնցում ներառված էին 9-12 և 13-16 տարեկան ստեղծագործողները:

Պատանիներին ոգևորելու և սատարելու նպատակով Կոմպոզիտորների միություն էին եկել նրանց ծնողները, բարեկամները, հարազատները և ընկերները: Միջոցառմանը որպես պատվովոր հյուր մասնակցեց Էդվարդ Միրզոյանի այրին` Հեղինե Միրզոյանը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ միջոցառումը հենց միության նախաձեռնությունն է: «Երկար տարիներ մենք հնարավորություն չենք ունեցել լսել այն երեխաներին, ովքեր ստեղծագործում են: Մեր փառատոնն ընդգրկում է այն ստեղծագործողներին, ովքեր հնարավոր է ոչ մի երաժշտական դպրոցում չսովորեն կամ էլ նույնիսկ հանրակրթական դպրոցում չանցնեն երաժշտական դասեր: Բայց նրանք ստեղծագործում են: Հնարավորություն ենք տալիս, որ հանդիսատեսը ճանաչի այդ երեխաներին և հետագայում, ինչու ոչ, սատար կանգնի իրենց հետագա ստեղծագործական ուղուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի խոսքով` իրենք մտածում են և հույս ունեն, որ հետագայում կծնվեն Խաչատրյաններ, Բաբաջանյաններ և Միրզոյաններ: Արամ Սաթյանը ցավով փաստեց, որ այսօր շատ երաժշտական դպրոցներում չկան կոմպոզիցիայի դասարաններ, իսկ հանրակրթական դպրոցներում շատ վատ են ճանաչում հայկական երաժշտությունը: «Սա կարող է դառնալ ամենամյա ավանդական մրցույթ: Հետագայում ավելի շատ երեխաներ կմասնակցեն այս մրցույթին»,- հավելեց Արամ Սաթյանը:

15-ամյա Ալեքսանդր Հարությունյանն առաջին անգամը չէ, որ մասնակցում է նման մրցույթի: Գյումրիում երկու անգամ մրցանակների է արժանացել: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան է, սովորում է շեփորի բաժնում: «Կոմպոզիցիայով զբաղվում եմ մոտ 1,5 տարի: Գործունեությանս ընթացքում գրել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հիմնը, որի բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Այն վերջերս հնչեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մրցույթին մասնակցում եմ «Ծաղրածուների պարահանդես» գործով: Լավ կլինի, որ հաղթեմ»,- նշեց Հարությունյանը:

Մայիսի 12-ին կանցկացվի մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները: Մինչև մայիսի 12-ը հաղթողների անունները չեն հրապարակվի: Միջոցառումը նվիրված է Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Այն կավարտվի հենց Միրզոյանի ծննդյան օրը: Պատանիներին կգնահատի հեղինակավոր ժյուրին, որի անդամներն են Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, նախաձեռնության գաղափարի հեղինակ Էդմոնդ Մակարյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ: Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում