Հասարակական

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց հետքն են թողնում հայերի հոգեբանության վրա

2 րոպեի ընթերցում

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց հետքն են թողնում հայերի հոգեբանության վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տեղի ունեցող տարբեր փոփոխություններն ու իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանում: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներն իրենց հետքն են թողնում հասարակության հոգեբանության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

«Օրինակ, Ուկրաինայի ճգնաժամը կարևոր է նաև Հայաստանի համար` ԱՄՆ-Ռուսաստան բախման տեսանկյունից: Ռուսաստանն այսօր ցանկանում է վերականգնել իր երբեմնի դիրքը, ազդեցությունը, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում: Մյուս կողմից` Արևմուտքը ճնշում է գործադրում, մենք էլ այսօր վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում: Ռուսաստանի կոտրվելու դեպքում մեր կյանքում էլ շատ բաներ կարող են փոխվել: Հասարակությունն էլ իր հերթին երկու դիրքորոշում ունի` եվրոպամետ կամ էլ ռուսամետ, և յուրաքանչյուրն իր հիմնավորումներն ունի հարցի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Սամվել Խուդոյանը:

Ամբիոնի վարիչը համոզված է, որ նմանատիպ փոփոխությունները նաև բարձրացնում են հասարակության տագնապի աստիճանը, սակայն այն չի գիտակցվում, և սկսվում են դրսևորվել հոգեբանական երևույթներ:

«Օրինակ, Էրդողանի հայտարարությունը Ցեղասպանության վերաբերյալ քայլ էր, բայց այն այնպիսի բացասական ալիքի հանդիպեց, որ դիվանագիտորեն այդքան էլ ճիշտ չէր: Մարդիկ գերզգույշ են դարձել: Իհարկե, համոզված եմ, որ եթե հարմար հնարավորություն լինի, թուրքերը նույնը կանեն»,-նշեց Սամվել Խուդոյանը:

Խուդոյանը խորհուրդ տվեց հասարակությանը բարձրաձայն չհնչեցնել սեփական թշնամական մտքերը: «Պետք է որպես օրինակ վերցնենք այն մարտավարությունը, որ ունի մեր թշնամին»,-հավելեց Խուդոյանը:

Հոգեբանության ամբիոնի վարիչի համոզմամբ` այսօր մարդկանց շրջանում աճել է եսակենտրոնությունը, ալտրուիզմը պակասել, նյութապաշտությունը և հոռետեսությունը` բազմապատկվել, իսկ հայրենասիրությունը փոքր-ինչ ցածր կարելի է համարել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում