Հասարակական

Հոլանդիայի Ալմելո քաղաքում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

Հոլանդիայի Ալմելո քաղաքում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին: Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել և ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից և իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաև ևս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գևորգյանը Երևանի քաղաքապետի անունից նաև ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:

Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի և եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել և նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության և արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել և հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում