Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ

4 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Քեսաբում տեղի ունեցած ողբերգության մասին եւ պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ելույթում հայ պատգամավորը մարդկային ողբերգություն է անվանել առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները:

«Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է։ Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները։ Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է։ Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, եւ նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ։ Ուստի, թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները՝ թուրքիզմի հերթական դրսեւորումն են, ոչ ավելին։ Եւ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա»,- հայտարարել է Զոհրաբյանը` հավելելով, որ քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում՝ անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է դատապարտվի:

«ԵԽԽՎ-ն պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջել թուրքական իշխանություններից։ Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եւ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օր առաջ լուծումներ գտնելու համար»,- եզրափակել է Զոհրաբյանը։

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրաե և «Ջեյշալ Իսլամե խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում