ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմամբ կառավարությունը չի հրաժարվում նոր էներգաբլոկի կառուցումից. նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունըՀայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը նախատեսում է 10 տարով երկարաձգելու աշխատանքներն իրականացնել Ռուսաստանից ներգրավվելիք վարկի միջոցով։ Կառավարությունը հաստատեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու» որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է մինչ 2014թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձավ մամուլի այն պնդումներին, իբր կառավարությունը գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելով հրաժարվում է նոր էներգաբլոկի կառուցման ծրագրից: «Մենք շարունակում ենք ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները: Այդ ուղղությամբ աշխատանքների դանդաղումը կապված էր աշխարհաքաղաական իրավիճակով և համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Մենք պետք է գտնենք էներգաբլոկի կառուցման համար չբավարարող ֆինանսները, որպեսզի նոր էներգաբլոկը կառուցենք»,-«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ ասաց Մովսիսյանը:

Միաժամանակ, ընդունված որոշման նախագծով ենթադրվում է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Նախատեսվում է, որ «Հայկական ԱԷԿ»ՓԲԸ-ն և«Ռուսատոմ սերվիս»-ըկստորագրեն «Սարքավորումների և շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր:«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է։ Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976թ.-ի դեկտեմբերի 28-ին, երկրորդը՝ 1980թ.-ի հունվարի 5-ին: Մեծամորի ատոմակայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի զգալի մասը: Այս տարվա սեպտեմբերի 22-ին ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Նախատեսվում է ատոմակայանն էներգարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: Ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026 թվականը:

Հայերեն English Русский