Մշակույթ

Բրյուս Լիի մասին հայ ռեժիսորի ֆիլմը կտարբերվի մարտարվեստների վարպետի մասին մյուս ֆիլմերից

4 րոպեի ընթերցում

Բրյուս Լիի մասին հայ ռեժիսորի ֆիլմը կտարբերվի մարտարվեստների վարպետի մասին մյուս ֆիլմերից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ռեժիսորը ֆիլմ կնկարահանի` նվիրվածարևելյան մարտարվեստների վարպետ, կինոդերասան, պրոդյուսեր և սցենարիստ Բրյուս Լիին: Արմատներով արցախցի ռեժիսորի նախաձեռնությամբ ֆիլմի նկարահանումը կսկսվի ամռանը` հունիս-հուլիսին: Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արա Առուշի (Առուշանյան) խոսքով` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվելիք «Փոքրիկ վիշապը» անվանումով էքշն ժանրի լիամետրաժ խաղարկային կինոնկարը տարիքային սահմանափակում չի ունենա: Արա Առուշի համոզմամբ` այն հաճույքով կդիտեն թե փոքրերը և թե մեծերը: Ռեժիսորը վստահ է, որ ֆիլմը հաջողություն կունենա և կտարբերվի Բրյուս Լիի մասին պատմող այլ ֆիլմերից:«Այս ֆիլմն ընդհանրապես տարբերվելու է Բրյուս Լիի մասին բոլոր ֆիլմերից, ինչպես նաև ֆիլմերից ընդհանուր առմամբ, որովհետև այն լի է նոր լուծումներով և բացահայտումներով, որոնց դուք ականատես կլինեք էկրաններին: Ֆիլմը շատ երկրպագուներ կունենա: Ուրախալի է, որ այդ երկրպագուներից շատերը կլինեն հենց երիտասարդները, քանի որ ֆիլմի համար ուղենիշ են հենց նրանք: Ֆիլմը չի պատմում արևմուտքի, ամերիկյան արժեքների մասին: Ոչ, այն փիլիսոփայական և հոգևոր կինոնկար է, որը զարգացնում է և խթանում երիտասարդների ինքնաճանաչողությունը և ինքնագիտակցումը: Դա շատ կարևոր է: Ընդհանուր առմամբ` ֆիլմը շատ խոր իմաստ ունի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արա Առուշը:

Մարտարվեստի լեգենդը ստեղծել է նաև մեծ փիլիսոփայություն, որը Առուշի համար չափազանց հետաքրքիր է և ուշագրավ: Ֆիլմում գլխավոր դերում հանդես կգա արցախաբնակ 14-ամյա Միխայիլ Դոկինը, ով զբաղվում է Արևելյան մարտարվեստով: «Միխայիլին գտա քասթինգի միջոցով: Շատ հեռանկարային տղա է, մեծ ապագա է ունենալու: Նա կնկարահանվի նաև մի շարք ֆիլմերում: Մենք Միխայիլ Դոնկին անունը դեռ կլսենք»,- համոզված է կինոռեժիսորը:

Բացի Միխայիլից, ֆիլմում կխաղան նաև ռուսական կինոյի աստղերը: Դեռևս պարզ չէ, թե ով կմարմնավորի Բրյուս Լիին: Արա Առուշը մի քանի դերասանների հետ է բանակցում` այդ թվում նաև սերիալներում Բրյուս Լիին արդեն երկու անգամ մարմնավորած չինացի դերասան Դենի Չանի հետ:

Հայ ռեժիսորը փետրվարի վերջին ցանկանում է Նյու Յորքում հանդիպել Լիի կնոջ՝ «Բրյուս Լի» հիմնադրամի նախագահ Լինդա Լիի հետ: Ռեժիսորն այս հանդիպումը կարևոր է համարում, քանի որ դրա միջոցով ևս ֆիլմը միջազգային շուկա հանելու հեռանկարներ է տեսնում:

Փետրվարից մեկնարկել են ֆիլմի նկարահանման նախնական պատրաստությունները: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Բուրան» պրոդյուսերական կենտրոնի, «Քյոնինգ արտս» և «Առուշ բրադերս» ընկերությունների աջակցությամբ: Կինոնկարն էկրաններին կհայտնվի ուղիղ մեկ տարի անց` 2015 թվականի փետրվարին:Հայ կինոռեժիսորն այլ ծրագրեր էլ ունի: Պատրաստվում է նկարահանել նաև մի շարք այլ ֆիլմեր` դրանք ներկայացնելով միջազգային հարթակներում:

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը(Առուշանյան)ծնվել է 1974 թվականին` Ստեփանակերտում: 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ: Հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերություններ: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի լինելով` բնակվում է Մոսկվայում և Երևանում: «Որսորդը»` նրա ռեժիսորական դեբյուտը, ցուցադրվել է մի շարք հայտնի կինոփառատոններում, այդ թվում` Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի Ջագրան ԿՓ-ում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» ԿՓ-ում (ԱՄՆ):

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում