Հասարակական

Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն զինվորական կարգով

2 րոպեի ընթերցում

Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն զինվորական կարգով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 21-ին, իսկ հաջորդ օրը քաջարի հերոսին կհուղարկավորեն զինվորական կարգով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորության ժամանակ կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից համապատասխան բարձրաստիճան սպաներ կայցելեն հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ` հունվարի 20-ին ՊՆ-ից այցելել են զինծառայողի ընտանիքին: «Պաշտպանության նախարարությունը երբեք չի մոռանում հերոս զինվորներին, ում շնորհիվ է կերտվում մեր ներկան եւ ապագան»,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծիերկու ուղղությությամբադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում