Փաստ մեկնաբանությամբ

Իրանն ու Արեւմուտքը հաջորդ տարի կշարունակեն հարաբերությունների լավացմանն ուղղված բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանն ու Արեւմուտքը հաջորդ տարի կշարունակեն հարաբերությունների լավացմանն ուղղված բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Արեւմուտքի միջեւ բանակցություններ չեն կարող արագ տեղաշարժեր գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով` անցնող 2013 թ-ը միջազգային կյանքում նշանավորվեց Իրան-Արեւմուտք հարաբերությունների լավացմամբ: «Գուցե դրական փոփոխություններն այդքան արագ չեն կատարվում, սակայն Ժնեւում Իրանի եւ «վեցյակի» հանդիպումից հետո հաջորդ կարեւորագույն քայլն այն էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ Կոնգրեսից եւ Սենատից պահանջեց նոր պատժամիջոցներ չկիրառել Իրանի դեմ: Օբաման անգամ հայտարարեց , որ պատրաստակամ է պատժամիջոցների դեմ վետո դնել, որպեսզի հարաբերություններում ձեռք բերված արդյունքները կարողանա պահպանել: Սա որոշակի տարր է Իրան- Արեւմուտք հարաբերություններում, եւ կողմերը գնում են բացահայտ երկխոսության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Բեքարյանի խոսքով` Իրան-Արեւմտուք հարաբերություններում քննարկվում է ոչ թե հարցը, որ Իրանը միջուկային ծրագիր է իրականացնում, այլ որքանով է դա խաղաղ ճանապարհով արվում: «Այստեղ վստահության խնդիր կա, թե որքանով է Իրանի միջուկային ծրագիրը նպաստում խաղաղության: Բանակցություններում հենց այդ հարցն է քննարկվելու: Արդյունքները մեծ չեն, եւ չեն կարող արագ տեղաշարժեր գրանցվել, սակայն որքան կողմերի միջեւ վստահությունն ամրապնդվի, այնքան ավելի հեշտ կլինի հասնել վերջնական արդյունքի» ,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ 2014 թ-ին կշարունակվեն Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լավացմանն ուղղված բանակցությունները:

Նոյեմբերի 24-ին Ժնևում «վեցյակի» ներկայացուցիչները Իրանի հետ պայմանավորվել են, որ վերջինս կսահմանափակի ուրանի հարստացումը Թեհրանի հանդեպ գործող միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում