3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության Armtab պլանշետների վաճառքի մեծածախ գինը կտատանվի 225-ից 280 դոլարի սահմաններում՝ կախված էկրանի չափերից: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց մշակող և արտադրությունը կազմակերպող Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերության նախագահ Վահան Շաքարյանը: Նա նշեց, որ շուկայում կներկայացվի հայկական պլանշետի 5 մոդել, որոնց էկրանի անկյունագծերը կլինեն 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմ:
«Ունենք 2 մոդելի 7.85 դյույմ անկյունագծով պլանշետ, որոնցից մեկը WiFi-ով է, մյուսը՝ 3G-ով»,- նշեց Շաքարյանը: Նա տեղեկացրեց, որ Armtab պլանշետները կունենան 16 գիգաբայթ հիշողություն, 1-1.2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն (RAM): Պլանշետի հետնակողմի ֆոտոխցիկը կունենա 5 մեգապիքսել լուծաչափ, իսկ առջևինը՝ 2 մեգապիքսել: Armtab պլանշետները կհամալրվեն նորագույն Retina տեխնոլոգիայի էկրաններ:
Շաքարյանի խոսքով՝ ընկերությունը կզբաղվի միայն մեծածախ վաճառքով: Ըստ նրա`պլանշետների արտահանման թիրախային երկրներ են դիտարկվում Միացյալ Նահանգները, Կանադան, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Արգենտինան, ինչպես նաև եվրոպական և մերձբալթյան երկրները: «Հիմա բանակցությունների մեջ ենք Ուկրաինայի և Վրաստանի հետ»,- նշեց Շաքարյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի դեկտեմբերի 6-ի նիստն անցել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ:
Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների արտադրությունը: Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արդեն արտադրության համար նախապատրաստվել են «Անդրոիդ» համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ «Արմֆոն» (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր:
Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: