Փաստ մեկնաբանությամբ

Վարդան Բոստանջյանը ողջունելի է համարում ՌԴ նախագահի այցը Հայաստան

2 րոպեի ընթերցում

Վարդան Բոստանջյանը ողջունելի է համարում ՌԴ նախագահի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի Հայաստան կատարած այցում բացասական երանգներ փնտրողներն այլ ասելիք չունեն, ինչը խոսում է նրանց ողորմելի վիճակի մասին: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա համոզմամբ, նախագահների հանդիպումը տեղի է ունեցել այնպես, ինչպես պետք է տեղի ունենար: «Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր շահագրգռված են ամեն ինչ ավելի բարդացնելու և ողբերգական դարձնելու հարցում: Մենք խելոք ժողովուրդ ենք, պետք չէ լուն ուղտ դարձնել, ողբերգական ավելորդ մթնոլորտ ստեղծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց տնտեսագետը: Բոստանջյանը ողջունելի համարեց Պուտինի այցը, քանի որ նա հզոր երկրի ղեկավար է: Տնտեսագետը գազի սակագնի հարցում «Ռուսաստանի ներքին գներ» արտահայտությունը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ անծայրածիր այդ երկրում ցուցանիշները տարբեր են:

Բոստանջյանը խոսեց ԽՍՀՄ տարիներին համեմատաբար փոքր բնակչություն ունեցող Հայաստանի դերակատարության մասին: «Չի կարող պատահել, որ Մաքսային միությունում Հայաստանի Հանրապետության մարդկային կապիտալը, ներուժը չօգտագործվի, թեկուզ և հանուն նրանց շահերի, բայց այդ շահերը չեն կարող միակողմանի լինել: Դա անպայման պետք է համատեղվի մեր շահերի հետ»,- նշեց տնտեսագետը: Բոստանջյանի խոսքով, անհրաժեշտ է գերտերությունների շահերի բախման պարագայում մեզ սպասվող հնարավոր բացասական երևույթները մեղմելուն միտված կեցվածք ընդունել:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այց է կատարել Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում ստորագրվել են ավելի քան 12 պայմանագրեր՝ տնտեսական, էներգետիկ, անվտանգության, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Ռուսաստանը պարտավորվել է առաջիկա 5 տարիներին չբարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը, ՀՀ-ին զենք վաճառել ներքին գներով և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում