ԳՅՈՒՄՐԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի ընթացքում` Երեւան-Գյումրի ուղիղ կապի միջոցով տրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի լիակատար շահագործման խորհրդանշական մեկնարկը: Հանդիսավոր արարողությանը Գյումրիում Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ընթացող համաժողովի ժամանակ ներկա էին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը: Էներգաբլոկը դեռ 2012թ-ի հունվարից գտնվում էր փորձարարաարդյունաբերական շահագործման փուլում` ներգրավված լինելով ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների ջանքերով կայանում կիրառվել է արտադրական նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային եւ գազատուրբինային տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս 1 կՎՏ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 278 գրամ պայմանական վառելիք եւ թույլ է տալիս նվազեցնել ջերմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Հաշվի առնելով տեխնոլոգիական նորարարությունները` «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը պատենտավորելու ուղղությամբ, քանի որ հայ մասնագետների կողմից մշակված տեխնիկական լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեծ հետաքրքրություն են առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում: Էներգաբլոկի դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի եւ շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման ուղղությամբ: Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված ծրագրերի հիման վրա իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները ու գործընթացները, որոշվել են կայանի գլխավոր նախագծողը, սարքավորումների մատակարար-գործարանները, կապալառու եւ թողարկման-կարգաբերման գլխամասային կազմակերպությունները: Նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման եւ այլ աշխատանքներ կատարելու համար ծրագրի շրջանակում կքնվել է ավելի քան 200 պայմանագիր, որից 67-ը` օտարերկրյա կազմակերպությունների հետ:
«ՀայՌուսգազարդ»-ի մասնագիտացված ստորաբաժանումը` «Հրազդան-5»-ի տնօրինությունը իրականացրել է էներգաբլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները` վերատեղադրվել է 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշար, 15 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար, վերականգնվել է ներկայանային եւ շինհարապարկին հարակից շուրջ 6 կմ երկարությամբ գերատեսչական երկաթուղին: Կայանի վերակառուցման եւ արդիականացման համար արտասահմանից «Հրազդան-5»-ի շինհրապարակ են առաքվել 18 հազար տոննա ընդհանուր քաշով ինչպես փոքր, այնպես էլ գերծավալուն տարբեր տեսակի սարքավորումներ` 235 երկաթուղային վագոններով եւ 437 հատուկ բեռնափոխադրիչներով: Էներգաբլոկում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը, շոգետուրբինի գեներատորը եւ կառուցված է Անդրկովկասում ամենախոշոր երկաթբետոնե փողը, մոնտաժված է «գլխամասային» տեսակի ցածր ներուժային շոգեգեներատոր եւ եզարկի «չոր» հովացման աշտարակ:
Ներդրված է ջերմային գործընթացների կառավարման նոր սերնդի ավտոմատացված համակարգ: Էներգաբլոկի շինարարության եւ արդիականացման ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետներում` շինարարության եւ մոնտաժային աշխատանքները տեւել են 2.5 տարի: Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաեւ Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում էներգաբլոկի շինհրապարակ է տեղափոխվել 196 տոննա քաշով 300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել էր դեռեւս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում եւ գտնվում էր Սանկտ Պետերբուրգում: Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար առաքվել է նաեւ հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն 400 հազար կՎԱ հզորությամբ 220/20 կՎ տրանսֆորմատորը, որն արտադրվել է Զապոռոժիեյի տրանսֆորմատորների գործարանում` 197 տոննա տրանսպորտային քաշով: «Հրազդան-5»-ում կառուցվել է 270 մետր բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փող` հաշվարկված 9 բալ սեյսմակայության համար, որը խոշորագույնն է Անդրկովկասում: Այն նախատեսված է արտանետվող գազերի արգասիքների համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: Էներգաբլոկի շինմոնտաժային աշխպատանքներն իրականացվել են Չինաստանի «Ջերմաէներգաշինմոնտաժ-երրորդ տրեստ» եւ Ռուսաստանի «Ջերմաէներգամոնտաժ» կազմակերպությունների կողմից, որոնք ծանրակշիռ փորձ ու մասնագիտաան հեղինակություն են վայելում արտերկրում: Էներգաբլոկի 60 օբյեկտներում միաժամանակ իրականացվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավվել են ավելի քան հազար մասնագետ: Հատուկ ուշադրություն է հատկացվել նաեւ կայանի շահագործող անձնակազմի վերապատրաստմանը: Յոթ մասնագիտություններով անձնակազմի 52 աշխատակիցներ վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել Կիրիշսկի ՊՇԷԿ-ում եւ Մինսկի ՋԷԿ-ում: Էներգաբլոկի հիմանկան տարրերի համալիր փորձարկման, թողարկման եւ կարգաբերման աշպխատանքներն իրաանացվել են արդեն մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ: կայանում ներդրվել է նոր սերնդի եւ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ավտոմատացված կառավարման համակարգ, որ ապահովում է կայանի անխափան ու հուսալի շահագործումը:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել էր դեռ խորհրդային տարիներին` 70-ականների վերջին: 1984թ-ին ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտի կողմից մշակվել էր նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ-ին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվեց ձեռք բերել ԽՍՀՄ նախարարների խորհրդի թույլտվությունը` 1989թ-ի դեկտեմբերին էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն 710 հազար խորհրդային ռուբլի: Հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-1992թթ-ի ընթացքում էներգաբլոկի շինարարությունը կանգ առավ: Նորանկախ Հայաստանը հայտնվեց էներգետիկ ճգնաժամում: Կարճ ժամանակ անց` 1993թ-ին Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան շարունակելու էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր կնքվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչեւ 1997թ-ը եւ դարձյալ դադրեցին` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: 2006թ-ին ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ»ԲԲԸ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք բերեց «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը` շինարարությունն ավարտելու եւ արդիականացման պարտավորություններով: Այս նպատակով ներդրվեց շուրջ 465,2 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Չնայած համաշխարհային ֆինանսկան ճգնաժամի ազդեցությանն ու հետեւանքներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հետեւողականորեն շարունակել է ծրագրի իրականացումը՝ փոխառու միջոցների ներգրավման հարցում համագործակցելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ֆինանսական հաստատությունների հետ: