Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետը դրական ձեռքբերում է համարում Սարգսյան-Ալիև հանդիպման կայացումը

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը դրական ձեռքբերում է համարում Սարգսյան-Ալիև հանդիպման կայացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը դրական ձեռքբերում է համարում Սարգսյան-Ալիև հանդիպման կայացումը: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Մինսկի խմբի ձևաչափից ազատվելուն, իսկ այդ տրամաբանությամբ դրական կարելի է գնահատել նախագահների հանդիպումը երկարատև ընդիմջումից հետո: «Այդ ընթացքում կողմերի միջև լարվածությունն ավելի էր խորացել, ուստի այս հանդիպման փաստը կարելի է որպես ձեռքբերում որակել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ սա ընդամենը քայլ էր, որ բանակցությունների շարունակակության հույս էր տալիս:

Քաղաքագետը չբացառեց բանակցային գործընթացում նոր ձևաչափերի ի հայտ գալու հնարավորությունը: «Միգուցե առաջարկ լինի բանակցային գործընթացում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Հայաստանն իրավունք ունի այդպիսի պահանջներ ներկայացնել՝ հաշվի առնելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ինչպես նաև Ադրբեջանի սադրիչ քաղաքականեւթյունը»,- նշեց նա:

Ադրբեջանը փաստացի ցույց է տալիս, որ չի ցանկանում հակամարտությանը խաղաղ լուծում տալ և դիմում է սադրիչ քայլերի, որի միակ նպատակը Մինսկի խմբի ձևաչափի տապալումն է: «Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունն այլ դաշտ տեղափոխել, որում ներգրավված կլինի նաև Թուրքիան: Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Ադրբեջանին ստիպի հրաժարվել սադրիչ քաղաքականությունից: Այստեղ անելիք ունեն նաև Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները: Միջնորդների լռությունը ստիպում է Ադրբեջանին սադրիչ քայլերի դիմել, ուստի նրանք պետք է ավելի ակտիվ լինեն Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնելու առումով»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը Հարավային Կովկասում գլխավոր արժեքը խաղաղությունն ու կանխատեսելիությունն է համարում, և դա գերակա շահ է երեք համանախագահող երկրների, ինչպես նաև Իրանի համար, որը շատ լավ գիտակցում է հնարավոր պատերազմի վտանգները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացել է Վիեննայի Քոբուրգ պալատում նոյեմբերի 19-ին: Հանդիպումից հետո Հայաստանի նախագահն այն նորմալ է գնահատել: Համանախագահները տարածած հայտարարությամբ պատրաստակամություն են հայտնել աշխատել կողմերի հետ եւ դեկտեմբերի 4-5-ը Կիեւում կազմակերպել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Մինչեւ տարեվերջ միջնորդները կայցելեն տարածաշրջան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում